168.am-ը գրում է․ «Վարկերի հաշվին տնտեսությունն այս վիճակից հանելու կառավարության քայլերը գուցեև պարտադրված են. պետության ներքին հնարավորությունները շատ չեն, իսկ այս պահին դրսից, ինչո՞ւ չէ, նաև ներսից ներդրումներ սպասելն անմտություն է։ Մնում են վարկերը։ Բայց վարկերի միջոցով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Առավել ևս, այսօրվա անորոշությունների պայմաններում, երբ հայտնի չէ, թե ինչ է սպասվում վաղը և ինչքան կտևի այս ամենը։
Ոչ մի հույս չկա, որ կարճ ժամանակահատվածում իրավիճակը կկարգավորվի, և տնտեսական կյանքը կվերադառնա բնականոն հուն։ Այդ պայմաններում վարկերի միջոցով տնտեսությունը փրկելու փորձերը կարող են ծանր նստել բանկային համակարգի վրա, եթե չհաջողվի ժամանակին վերադարձնել տնտեսության վարկունակությունը։ Որևէ մեկն այսօր չի կարող երաշխավորել, որ վաղը կամ մյուս օրն այս ամենն ավարտվելու է։ Իսկ դա նշանակում է, որ ռիսկային է տնտեսությունը վարկերով ծանրաբեռնելը։
Կան ոլորտներ, որտեղ այլևս անիմաստ է սպասել, որ իրավիճակը շուտ կվերականգնվի։ Եթե նույնիսկ վաղն առողջապահական խնդիրները դուրս գան օրակարգից՝ ամիսներ կպահանջվի, մինչև դրանք խելքի կգան։
Այնպես որ, այդ ոլորտներում լրացուցիչ վարկային միջոցների ներարկումը հետագայում էլ ավելի է ծանրացնելու վիճակը։ Եվ ոչ միայն՝ դրանց, այլև՝ վարկատուների։
Խնդիրը, իհարկե, միայն տնտեսության մեջ չէ։ Նման խնդրի առաջ են կանգնած նաև ֆիզիկական անձինք, այն քաղաքացիները, ովքեր վարկերի տակ են և այսօր կորցրել են իրենց եկամուտները։ Այդպիսի քաղաքացիները շատ են և օրեցօր շատանալու են՝ սոցիալական իրավիճակի վատթարացմանը զուգընթաց։
Աշխատանքը կորցրած կամ նման վտանգի տակ հայտնված քաղաքացիներին ավելացել են նաև նրանք, ովքեր հույս ունեին իրենց ֆինանսական կարիքները հոգալ դրսում աշխատանք գտնելու միջոցով։ Բայց այդ հնարավորությունն առայժմ փակ է։ Հայտնի չէ նաև՝ երբ կարող է բացվել, կամ այս տարի ընդհանրապես կբացվի՞, թե՞ ոչ։
Դրան գումարած, նկատվում է տեղաշարժ հակառակ ուղղությամբ. վերադառնում են արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, այդ թվում՝ նաև նրանք, ովքեր հասցրել էին մեկնել արտագնա աշխատանքի, կամ մնացել էին այնտեղ՝ աշխատելու հույսով։
Դրսի աշխատաշուկան այդ մարդկանց համար առայժմ անհասանելի է, իսկ ներսում աշխատանք գտնելու մեծ հնարավորություններ չկան։ Այս իրավիճակում որոշակի փրկություն կարող է լինել՝ ինչպես պետական բյուջեով, այնպես էլ՝ վարկային միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերի խթանումը։ Կառավարությունը պետք է փորձի հնարավորինս ակտիվացնել և ընդլայնել այդ ծրագրերը։ Բայց դա էլ միշտ չէ, որ հաջողվում է։
Քիչ են պետական նշանակության խոշոր ծրագրերը։ Եթե նախկինում այդպիսի նախաձեռնություններ երբեմն-երբեմն գոնե հանդիպում էին, ապա իշխանափոխությունից հետո ընդհանրապես դադարել են։ Մի բան էլ՝ բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել սկսված ծրագրերի իրականացման համար։
Նույն Հյուսիս-Հարավի օրինակը. վերջին 2 տարում այն գրեթե կասեցված կամ հարկադիր դադարի վիճակում է։ Եթե խնդիր կա ծրագրի արդյունավետության բարձրացման, գումարների տնօրինման, աշխատանքի որակի բարելավման հետ կապված, ապա պետք է աշխատել այդ ուղղություններով, և ոչ թե՝ տարիներով քնեցնել ծրագրի իրականացումը։
Այսպիսի օրինակներ շատ կան։ Դրանք կապված են ոչ միայն պետական և վարկային, այլև զուտ ներդրումային միջոցներով իրականացվող ծրագրերի հետ։
Շուրջ 2 տարի է՝ տեղից չի շարժվում Ամուլսարի ծրագիրը, իսկ կառավարությունը չի համարձակվում որոշում կայացնել, ինչ է թե՝ դա հասարակության այս կամ այն հատվածին չի բավարարելու։ Բայց պետք է գիտակցել, որ երբեք էլ չի կարող այնպես լինել, որ կառավարության որոշումները բոլորին գոհացնեն։ Դժգոհություններ միշտ էլ եղել և լինելու են։ Կառավարությունը նրա համար է, որ պաշտպանի ոչ թե՝ անհատների կամ հասարակության որոշակի խմբերի, այլ՝ պետության շահը։
Դրա համար հարկավոր է համարձակություն ունենալ կայացնելու նաև ոչ պոպուլիստական որոշումներ։ Սակայն կառավարությունը չի ուզում հրաժարվել պոպուլիզմից։
Մինչդեռ հիմա պոպուլիզմով առաջնորդվելու ժամանակը չէ։ Երկիրը բախվել է լրջագույն տնտեսական ու սոցիալական խնդիրների, որոնք պահանջում են կառավարությունից համարձակ որոշումներ կայացնել, որքան էլ դրանք կարող են ցավոտ լինել, չբխել իշխանությունների շահերից կամ ազդել նրանց հեղինակության վրա։ Այլապես հետագայում ոչ միայն իրենք են կանգնելու ծանր փորձության առաջ, այլև հասարակությանն ու պետությանն են կանգնեցնելու։
Նախորդ շրջանի փորձը ցույց է տալիս, որ քաղաքական իշխանությունը ոչ միայն խնդիրները լուծելու բավարար կամք, այլև կարողություններ չունի՝ նոր, առավել ևս, մասշտաբային ծրագրեր գեներացնելու համար։ Մինչդեռ, այսօր դրանք անհրաժեշտ են՝ առավել քան երբևէ։ Սպասել, որ ներդրողները կգան և նման ծրագրեր կառաջարկեն ներկա անորոշությունների պայմաններում, անմտություն է։
Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ինքը կարողանա այդպիսի նախաձեռնություններով հանդես գալ և փորձի պետություն-մասնավոր համագործակցությամբ դրանք կյանքի կոչել, աշխատելու և եկամուտներ ստանալու հնարավորություններ ստեղծել մարդկանց համար։ Թե չէ, ձեռքերը ծալած նստել-սպասելով՝ ոչինչ դուրս չի գա։ Միայն վարկերի տոկոսները սուբսիդավորելով՝ հեշտ չէ տնտեսությունը ճգնաժամից հանել։ Հատկապես որ, անկախ դրանից՝ մի շարք կարևոր ոլորտներ, տևական ժամանակ, միևնույն է, դադարելու են արդյունք ստեղծելուց, ստիպված են լինելու ազատվել հազարավոր աշխատողներից։
Կառավարության խնդիրն է՝ մտածել նրանց համար այլընտրանք գտնելու մասին։ Հակառակ դեպքում շղթան խորանալու է՝ տնտեսականից բացի՝ ներառելով նաև ֆինանսական համակարգը։ Այսօր Հայաստանում տրամադրված միայն սպառողական վարկերի քանակն անցնում է 500 հազարից։ Հիմա, երբ մարդիկ կորցնում են իրենց եկամուտները, սրվում է վարկերի վերադարձելիության խնդիրը։
Ոչ մի կասկած չկա, որ առաջիկայում բանկային համակարգում մեծանալու է ժամկետանց, ինչպես նաև՝ անհուսալի վարկերի պորտֆելը։ Թերևս, նաև դա է պատճառը, որ կառավարությունը պատրաստվում է տույժ-տուգանքների հերթական համաներումն անել։
Բայց դա չի լուծելու խնդիրը։ Խնդրի լուծումը գերազանցապես մարդկանց եկամուտների ավելացման մեջ է։ Սակայն այն, ինչ ունենք այս պահին, նման հույսեր չի տալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը