168.am-ը գրում է․ «Մի քանի ամիս առաջ, երբ միջազգային վարկանշային ընկերությունները բարելավում էին Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց վարկանշային գնահատականները, Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում իր ոճով ծաղկեցնել այդ գնահատականները և ներկայացնել սեփական մեկնաբանություններով։ Հիմա նույն վարկանշային ընկերությունները սկսել են հոռետեսորեն նայել Հայաստանի տնտեսությանը, բայց դա Նիկոլ Փաշինյանն այլևս չնկատելու է տալիս։
Չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշություններին՝ Հայաստանի տնտեսության որոշ հատվածների վերաբերյալ իր նախկին գնահատականները շտապել է վերանայել «Ֆիթչ» վարկանշային ընկերությունը։ Վերանայել ու վատացրել է սպասումները։ Նախկին «կայունից» վարկանիշը դարձել է «բացասական»։
Վարկանշային ընկերության գնահատումներով՝ կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում մեր երկրի տնտեսության վրա։ Բայց, որ ավելի վատ է՝ դա տեղի է ունենում հարաբերականորեն բարձր արտաքին պարտքի պայմաններում: Ընկերության մասնագետների կարծիքով՝ ռիսկերն ավելի կխորանան, եթե ժամանակին չհաջողվի զսպել համաճարակը։
Այս տարվա համար Հայաստանի տնտեսության աճի սպասումների առումով «Ֆիթչը» մեծ ակնկալիքներ չունի։ Ճիշտ է, անկում չի կանխատեսվում, սակայն աճ ևս գրեթե չի լինի։
Սպասվում է աճի տեմպի կտրուկ նվազում, այն էլ՝ ավելի քան 15 անգամով։ Նախորդ տարվա 7,6 տոկոսից այն կիջնի 0,5 տոկոսի։ Բայց դա ևս վերջը չէ։ «Եթե վարակի երկրորդ ալիք գա, և սահմանափակումների միջոցառումները կրկին գործարկվեն, Հայաստանի վերաբերյալ մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կրկին բացասական փոփոխության կենթարկվեն»,- նախապես զգուշացրել են «Ֆիտչի« փորձագետները։
Վարկանշային ընկերության մասնագետները Հայաստանի տնտեսության աճի մասնակի վերականգնում են սպասում հաջորդ տարվա ընթացքում։
Տնտեսության աճի վերաբերյալ «Ֆիթչ» վարկանշային ընկերության ակնկալիքներից գրեթե չեն տարբերվում Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումները։ Վերջինիս գնահատումներով՝ կորոնավիրուսը և դրա կանխարգելման նպատակով իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն այս տարի զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը։ Այն կսկսի արտահայտվել արդեն տարվա երկրորդ եռամսյակից։
Բացասական ազդեցություն կկրեն տնտեսական անխտիր բոլոր ճյուղերը։ Սակայն ավելի խոցելի կլինեն տուրիզմն ու ժամանցի հետ ուղղակի առնչություն ունեցող ոլորտները։
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի գրեթե 11 անգամով՝ կազմելով ընդամենը 0,7 տոկոս։
Տնտեսական ակտիվության դանդաղումը բացասական ազդեցություն կունենա նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման վրա։ Համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի հարաբերակցությունը կդադարի բարելավվել։ Այն կշարունակի մնալ նախորդ տարվա մակարդակին։
Հիշեցնենք, որ այս տարվա համար կառավարությունը նախատեսել էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում 0,3 տոկոսային կետի չափով։
Կենտրոնական բանկի սպասումները չափազանց մռայլ են՝ ինչպես արտաքին տրանսֆերտային հոսքերի, այնպես էլ՝ արտաքին առևտրի շրջանառությունների հետ կապված։ Կանխատեսվում է, որ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկրից այս տարի կնվազեն ընդհուպ մինչև 19 տոկոսով՝ պայմանավորված միջազգային շուկաներում նավթի գների կտրուկ անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական դրսևորումներով և ռուբլու արժեզրկմամբ։
Կկրճատվի՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Մի դեպքում սպասումները՝ 5-7, մյուս դեպքում՝ 9-11 տոկոսի շրջանակներում են։
Կենտրոնական բանկը հույս ունի, որ Հայաստանի տնտեսությունն այս իրավիճակից դուրս կգա հաջորդ տարվա ընթացքում։ Եվ ոչ միայն դուրս կգա, այլև կկարողանա վերականգնել աճի նախորդ շրջանի տեմպը։ 2021թ. Հայաստանի տնտեսությունը, ԿԲ գնահատումներով, ունի աճի մինչև 7,2 տոկոսի հասնելու հեռանկար։
Ի տարբերություն «Ֆիթչի» և ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսության աճի նկատմամբ ավելի բարձր ակնկալիքներ ունի Ասիական զարգացման բանկը։ ԱԶԲ-ն տնտեսության 2,2 տոկոս աճի հավանականություն է տեսնում այս տարվա համար։ Սակայն հաջորդ տարվա սպասումը համեմատաբար համեստ է, ինչը նշանակում է, որ բանկի մասնագետներն այնքան էլ չեն հավատում տնտեսության արագ վերականգնմանը։
Ասիական զարգացման բանկը 2021թ. համար կանխատեսում է 4,5 տոկոս տնտեսական աճ։ Այն զգալիորեն ցածր է, քան «Ֆիթչի», զգալիորեն ավելի ցածր, քան Կենտրոնական բանկի սպասումներն են։ «Ֆիթչը» հաջորդ տարվա համար հավանական է համարել աճի 5,5 տոկոս մակարդակը։
Կորոնավիրուսի և դրա կանխարգելման հետևանքով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ առայժմ չի շտապում գնահատականներ տալ կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ նման գնահատականներ տալը դեռ շուտ է, բայց կորուստներն էական են լինելու։
Արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ ձեռնարկություններ սահմանափակել են արտադրության ծավալները կամ հայտնվել հարկադիր պարապուրդի վիճակում։ Ուստի շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով կհաջողվի կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված գործոնները և որքանով հնարավոր կլինի ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք հայտնվել են սահմանափակումների մեջ։
Ի տարբերություն գործող նախարարի, տնտեսության կորուստները փորձել է գնահատել էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։ Նրա հաշվարկներով՝ Հայաստանի տնտեսության վնասները կորոնավիրուսից կկազմեն 1,5 մլրդ դոլար, ինչը հավասար է անցած տարվա ՀՆԱ-ի ավելի քան 11 տոկոսին։
Թե որքանո՞վ կիրականանան այս կանխատեսումները, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, հարկավոր է հաշվի առնել, որ այս պահին համաշխարհային տնտեսության մեջ անորոշությունները դեռևս չափազանց շատ են։ Այդ պայմաններում այնքան էլ հեշտ չէ ճշգրիտ կանխատեսումներ անելը։ Շատ բան կախված կլինի՝ ինչպես համաճարակի կանխարգելման հեռանկարներից, այնպես էլ՝ տնտեսության վերականգնման ուղղությամբ կառավարությունների իրականացրած քայլերից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը