04 04 2020

Եկեք «կախաղան հանենք» Կոտայքի մարզպետին․ «Հրապարակ»

Եկեք «կախաղան հանենք» Կոտայքի մարզպետին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կոտայքի մարզպետ Ռոմանս Պետրոսյանը քիչ առաջ վերջապես պաշտոնապես հայտարարեց, թե քանի հաստատված դեպք կա Չարենցավանում:
 

«Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը։


Եվ լավ է արել պարոն մարզպետը, շուտ պետք է աներ: Այս մասին մենք վաղուց էինք բարձրաձայնում, ակնարկում, աղաղակում, որ հայտարարեք, վերջապես, Չարենցավանի թվերը, որ չարենցավանցիներն իմանան՝ ինչ պատկեր է իրենց քաղաքում, որ նաև զգուշանան: Մենք դեռ մարտի 16-ին, երբ, վարչապետը հայտարարեց ԱԺ ամբիոնից, թե Չարենցավանում երկու հաստատված դեպք կա, գիտեինք, որ երկուսը չեն, շատ են: Բայց մեզ պարետատնից սպառնում էին՝ հանկարծ առանց մեր թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու թիվ չհրապարակեք, հակառակ դեպքում սպառնում էին տուգանել, կախել, գնդակահարել, ցմահ դատապարտել պետական դավաճանության հոդվածով, հետո էլ երևի ճաղրեի հետևում կտտանքների ենթարկել:


Գնալով ռիսկի՝ մի քանի օր առաջ մենք, այնուամենայնիվ, գրեցինք մի փոքր լուր, որ Չարենցավանում կա մոտ 60 վարակակիր և հարյուրից ավելի մեկուսացված, իսկ Չարենցավանի հարևան Ալափարս գյուղից էլ մոտ 30 վարակակիր են տարել ինֆեկցիոն: Ու որևէ սուտ բան չէինք գրել, պարզապես պարետատան «դաբռոն» չէինք ստացել, քանզի պարետատնից մեզ հստակ բան չէին ասում: Իսկ Չարենցավանի բնակիչը, հավատացեք, ունի իրավունք տեղեկավցած լինելու իր քաղաքի վիճակից: Օրեր անց, սակայն, տեղեկացանք, որ պարետատունը վարչական վարույթ է հարուցել մեր այս լուրի առթիվ ու պատրաստվում է մեզ պատասխանատվության ենթարկել:

Հիմա ուզում եմ հարցնել պարոն պարետին ու պարետատան պատժիչ ջոկատին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք կախաղան հանել, խարույկի վրա այրել, զնդանը նետել, լավ գոնե տուգանել մի կես միլիոնով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որը նույն բանն է արել, ինչ մենք՝ հրապարակել է Չարենցավանի թվերը: Եկեք կախենք Կոտայքի մարզպետին, ինչո՞վ է նա ինձնից «լավ տղա», որ պիտի նույն արարքի համար ինձ պատժեք, նրան՝ ոչ: Ամենայն հարգանքով մեր հարգարժան մարզպետի ու նրա թվերի հանդեպ, իհարկե: Բայց կարծում ենք՝ պարոն Պետրոսյանն ինքն էլ կհամաձայնի, որ անարդարություն է պարետատան արածը՝ իրեն ներում են այս «հանցանքի» համար, մեզ՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ