«Հրապարակ»-ը գրում է․ «Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք եւ չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետեւենք աշխարհի օրինակին եւ զգուշության բոլոր կանոնները պահպանելով՝ պահպանենք մեր ազգաբնակչության առողջությունը։ Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ՝ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք եւ իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը։
Պարզվեց՝ արտակարգ դրությունը ոչ մի սահմանափակում չի պարունակում մարդկանց տեղաշարժի, հանրային օբյեկտների աշխատանքի առումով։ Ոչ մի ռեստորան ու հանրային օբյեկտ այս օրերին չի փակվել, դեռ ավելին՝ վարչապետն անձամբ է շրջում սուպերմարկետներով ու ռեստորաններով եւ ուրախանում՝ այնտեղ մարդկանց հանդիպելով։ Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, խանութներ մտնում են հերթով, որ միմյանց չվարակեն, իսկ մեզանում վարչապետն ուրախ-ուրախ հայտարարում է, որ անգամ տուրիստներ կան երկրում, իսկ ռեստորանները, ինչպիսի հաջողություն, դատարկ չեն։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնեք եւ ձեր վաղեմի երազա՞նքն իրականացնեք։ Չէ որ երկրում մեծ արագությամբ աճում է վարակակիրների քանակը, եւ դրան մենք՝ լրագրողներս չենք նպաստել, այլ դուք՝ ձեր անպատասխանատու վարքով, ցածր ինքնագիտակցությամբ, իբր համարձակությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը