14 03 2020

Հայաստանը՝ դատաիրավական կոլապսի մեջ․ «Հրապարակ»

Հայաստանը՝ դատաիրավական կոլապսի մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը կարգի բերելու՝ նորացնելու, հին կադրերից ազատելու եւ նրա բնականոն գործունեությունը վերականգնելու մասին բարձրագոչ ճառեր ասող իշխանավորներին բացարձակապես չի հուզում դատական համակարգի կատաստրոֆիկ վիճակը, որի հետ անմիջականորեն շփվում է ՀՀ քաղաքացին։ Մինչդեռ, եթե ուզում են ինչ-որ բան «կարգավորել», այնպես, որ երկիրն ու քաղաքացին շահեն, պետք է սկսել դատական համակարգից։

Եվ այդ «սկսելն» էլ չպետք է արտահայտվի դատարանների դռներն արգելափակելով, դատավորներին պիտակավորելով կամ հայտարարելով, թե՝ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի։ Ոչ էլ կայացված դատավճիռների ու վճիռների մասին վիճելի հայտարարություններ անելով կամ կառավարության նիստում նախաքննության մանրամասներ քննարկելով։ Այդ մտահոգությունն առաջին հերթին պետք է արտահայտվի դատավորների այս անմարդկային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցառումներով։ Որ յուրաքանչյուր դատավորի վարույթում ոչ թե 3 կամ 4 հազար գործ լինի, ու դրանց քննությունը տեւի 3-4 տարի, իսկ կայացված վճիռներն էլ, նույն այդ ծանրաբեռնվածության պատճառով, լինեն թերի ու մակերեսային, այլ նորմալ դատական գործընթաց կազմակերպվի, որ գործերը քննվեն ողջամիտ ժամկետում, որակով եւ առանց մարդկանց նյարդերն ու առողջությունը քայքայելու։

Այս ընթացքում իշխանությունը պետք է զբաղվեր այդ իրավիճակի վերլուծությամբ եւ ռազմավարության մշակմամբ։ Եվ գործադիրում աշխատողներին պարգեւավճարներ տալու փոխարեն պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացներ, լրացուցիչ ֆինանսներ հատկացներ նոր դատավորների պատրաստմանը ու հաստիքներ ավելացներ դատարաններում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք առաջիկայում կաթվածահար դատական համակարգ ունենալ, եւ երկիրը կարող է հայտնվել իրավական կոլապսի մեջ»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ