14 02 2020

Իշխանության խոսքն ու գործը հակասում են իրար․ «Հրապարակ»

Իշխանության խոսքն ու գործը հակասում են իրար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կարելի է գիշերուզօր խոսել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու մասին եւ անգամ օրենք ընդունել ու ոստիկաններին ուղարկել, որ հանցանք չգործած անձանց փռեն ասֆալտին ու տեսագրեն եւ, միաժամանակ, Քրեական օրենսգիրքն ու գործ հարուցելը դարձնեն մեր կյանքի ամենակարեւոր բաղկացուցիչը։ Կարելի է զօրուգիշեր խոսել աշխատելու կարեւորության մասին, աղքատության պատճառները տեսնել չաշխատելու մեջ, կոչ անել՝ վեր կաց եւ քայլիր, բայց միաժամանակ խրախուսել Սահմանադրական դատարանի քո «սիրելի» անդամի չաշխատելը։

Ավելին՝ բացեիբաց հայտարարել, որ իր «սրտի ՍԴ-ում» պետք է մնան երկու անձ՝ Արման Դիլանյանն ու 9 ամիս շարունակ աշխատանքի չգնացող Վահե Գրիգորյանը։ Կարելի է տարիներ շարունակ խոսել Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունից եւ անարգանքի սյունին գամել սուպերվարչապետական լիազորությունները սահմանադրորեն ամրագրողներին, ապա երկու տարի անց սահմանադրական փոփոխություններ իրականացնել ոչ թե այդ սուպերվարչապետությունը վերացնելու, այլ մի բուռ դատավորներից ազատվելու համար։ Կարելի է նախկիններին մեղադրել թալանի ու կոռուպցիայի մեջ, բայց «ատկատների» փոխարեն օրինականացնել բյուջեից թալանը, Հրանտ Բագրատյանի տերմինոլոգիայով՝ «գանձագողությունը», ահռելի ու անաշխատ պարգեւավճարների եւ օրենքի շրջանցմամբ բարձրացված աշխատավարձերի տեսքով։

Կարելի է խոսել բուհերի եւ դպրոցների ապաքաղաքականացման մասին, սակայն իշխանության գալով՝ դպրոցների խորհուրդներում ներդնել սեփական կուսակցության անդամներին, իսկ բուհերում՝ ում պատահի։ Կարելի է տասնյակ տարիներ խոսել ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորելու մասին, ապա ձեւավորել մի անձի շուրջ կառուցված, այլակարծությունն ու այլախոհներին մերժող կուսակցություն, որտեղ առաջնորդի խոսքն անքննելի է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ