«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին ե՛ւ հասարակության լայն շերտերը, ե՛ւ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում էր, սակայն մինչ այդ լրագրողներն արդեն տեղեկացած լինում էին նման իրադարձության մասին նրա խոսնակից կամ լրատվական ծառայությունից:
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 9-ից Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակ չունի: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը այն դժգոհությունն էր, թե Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանը՝ իր ողջ ռեսուրսներով:
Եվ չնայած Կարապետյանի հեռանալուց անցել է արդեն մեկ շաբաթ ժամանակ, սակայն Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ օրերս էլ նա նոր նշանակում չի անի: «Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:
Թերեւս Փաշինյանը չի ցանկանում շտապել եւ նշանակել այնպիսի խոսնակի, որը Կարապետյանի նման կփորձի վարչապետի թիկունքում խարդավանքներ հյուսել: Կարծես թե վստահելի կադրերի պակաս կա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը