«Հրապարակ»-ը գրում է․ «Հին հայկական ասացվածքն ասում է․ ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Ես այս ասացվածքը մի փոքր ձեւափոխել եմ․ ասա՝ ովքեր են կադրերդ, ասեմ՝ ով ես դու։ Եթե այս տեսանկյունից նայես Նիկոլ Փաշինյանի կադրերին, ապա գլուխդ առ ու փախի։ Ընտրել եմ ամենակարկառուններին, ամենաազդեցիկներին ու Փաշինյանի ամենասիրելիներին։
Խնդրեմ՝ առաջին շոկն ապրեցի, երբ իմացա, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Անդրանիկ Քոչարյանը։ Հիմա չպատմեմ, թե նա ինչ ասոցիացիաներ է առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ, եւ ինչ պատմություններ կան նրա հետ կապված․ համոզված եմ՝ շատերդ եք լսել։ Իսկ շոկն ավելի խորացավ, երբ իմացա, որ ո՛չ դես, ո՛չ դեն՝ Քոչարյանը դառնալու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Իհարկե, հասկանալի է, որ նրան Փաշինյանն առաջ է քաշել Մարտի 1-ի գործն առաջ տանելու համար՝ որպես փաստահավաք խմբի անդամ։ Այսինքն՝ իր նեղ անձնական վրեժը լուծող է տարել ԱԺ։
Երկրորդ շոկն ապրել եմ, երբ իմացել եմ, որ իշխանությունների օրենսդրական մշակումների, Ընտրական օրենսգրքի, հետո՝ սահմանադրական բարեփոխումների, մի խոսքով՝ օրենքների մշակման գործի գլխին Փաշինյանը կանգնեցրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանին։ Էլի չասեմ, թե նա ինչ ասոցիացիաներ է առաջացնում ինձ եւ, համոզված եմ՝ նաեւ շատերի մոտ։ Բայց ամենակարեւորը, որ սույն անձնավորությունը, որը պետք է մեր երկրի համար կենսական օրենսդրական մշակումներով զբաղվի, մասնագիտությամբ իրավաբան չէ՝ ֆիզիկոս է։ Գրանտներ է ստացել, հասարակական գործունեությամբ է զբաղվել, հեղափոխության շրջանում աջակցել է Փաշինյանին ու հայտնվել մի դերում, որը նախկինում իր գունավոր երազում էլ չէր կարող տեսնել։ Բայց որպեսզի համոզի, թե ինքն արժանի է էս դերին, Վիքիպեդիայում իր կենսագրության մեջ գրել է․ «2010-2011 թվականներին աշխատել է 4-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական, որի ընթացքում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ»։
Երրորդ շոկն ապրեցի, երբ իմացա, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին նշանակվելու է Ստյոպա Սաֆարյանը՝ «Ժառանգությունից» թռած «վերլուծաբանը», որ ժամանակին, կարծեմ, Աշոտյանի հետ խաշ էր ուտում, սելֆի անում՝ գցում Ֆեյսբուք։ Մինչեւ վերջին պահը՝ նրա նշանակման մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարելը, մտածում էի՝ Նիկոլը հո չի՞ ցնդել, չի նշանակի, ուշքի կգա, կհասկանա, որ տենց բան անել չի կարելի։ Բայց պարզվեց՝ ես իր մասին ավելի լավ կարծիքի եմ, քան ինքը։
Այս ու էլի մի քանի կադրի տեսնելով, իրենց կատարած քայլերին հետեւելով, ակամայից մի միտք է ծնվում՝ այս իշխանության, Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը բոլոր համակարգերը քանդելն է։ Սկզբում Ազգային ժողովը դարձնել կրկես, որտեղ մոմով լուրջ ու գրագետ մարդ չես գտնի։ Հետո՝ կառավարության կառուցվածքը փոխել ու անփորձ սորոսականներին դնել սուպերնախարարներ, որոնք սկսեն լեզվի ու մշակութային, սպորտի ու առողջապահության, բնապահպանության ու սոցապի հերն անիծել։ Հետո հիմնահատակ ավիրել օրենսդրությունը, որ ինչ մտքներով անցնում է եւ դժվար է կյանքի կոչել, օրենքներով անեն։ Հետո քանդել ու ավիրել ուժային կառույցները՝ կադրեր նշանակել միայն հավատարմության չափանիշով ու պահանջել, որ իր ամենաանհեթեթ հրահանգները կատարեն։
Ասենք, ոստիկանությունն աջակցի դատարանները շրջափակելուն, ԱԱԾ-ն սատանաներ փնտրի, խնամքի հաստատությունները փակվեն եւ այլն։ Քանդել ու ավիրել բուհերը՝ փոխելով բոլոր ռեկտորներին, հիվանդանոցները՝ փոխելով բոլոր տնօրեններին։ Դպրոցների խորհուրդներում նշանակել ՔՊ-ականներին, տնօրեններ նշանակել քայլածներին։ Հ1-ի խորհրդի նախագահ նշանակել հեռուստատեսությունից չհասկացող, Ֆուտբոլի ֆեդերացիայում՝ ֆուտբոլից չհասկացող մարդկանց։ Հանրային խորհրդում նշանակել մեկին, որ բոլոր տարիքով ու լուրջ մարդիկ՝ ՀԽ նախկին անդամները, դիմումներ գրեն, դուրս գան։ Գիտությունների ակադեմիան վերացնելու ծրագրեր մշակել՝ ԳԱԱ ինստիտուտները բուհերին միավորելու անվան տակ։ Այբբենարանն աղբամանը նետելու կոչեր անել։
Հենրիխ Մխիթարյանին ու նրա մորը վարկաբեկելու արշավ սկսել՝ մինչեւ Հենոն կհրաժարվի Հայաստանի հավաքականում հանդես գալուց։ Տրանսգենդերի մասին ֆիլմ նկարել ու ասել, որ նա իր անձնական հովանու տակ է։ Բոլոր կուսակցություններին թշնամի հայտարարել ու պառակտել նրանց սփյուռքյան ու հայաստանյան կառույցները։ Ղարաբաղի գեներալիտետին կանչել հարցաքննությունների եւ հրապարակավ ստորացնել։ Բարձր օղակներում աշխատողներին ահռելի աշխատավարձեր տալ՝ ի հեճուկս ցածր օղակների։ Ո՞ր մեկը թվարկես։Վերջում մնում է հարցը՝ որտեղի՞ց հայտնվեց այս իշխանությունը եւ ի՞նչ առաքելություն ունի մեր երկրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը