11 12 2019

ԼՂ խնդրով Փաշինյանի լոզունգը դատարկ խոսք է․ Ռոբերտ Քոչարյան․ Հրապարակ

ԼՂ խնդրով Փաշինյանի լոզունգը դատարկ խոսք է․ Ռոբերտ Քոչարյան․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Հրապարակը օրեր առաջ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ստացել դրանց պատասխանները։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

-Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատա­րաններից:

-Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճա­նը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարա­դատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնա­հատում:

Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտա­կան պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որո­շումներն ընդունվել են հենց այդպի­սի դատավորների կողմից՝ ի հակա­ռակ դատախազական բեսպրեդելի:

-Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում: Միայն Սահմանադրա­կան դատարանի և նրա նախա­գահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, մի­ջազգային հստակ արձագանք լի­ներ: Ինչո՞վ եք բացատրում քաղա­քացիական հասարակության այս ինֆանտիլությունը: Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում:

-Պարզվեց՝ Հայաստանի իրավա­պաշտպան համակարգի նախկին կա­ռուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:

-Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի: Ինչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի:

-Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև: Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան:Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի):

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերա­բերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքնե­րից:

Ընդ որում, Արցախը պարտա­վոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:

Իշխանության հռչակված իրա­վահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նա­խագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավա­րության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը:

Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառա­վարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավե­լի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրբ է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստա­նի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձե­րին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունե­նալ Արցախի համար: Այնտեղ պետք են պա­տերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ