06 12 2019

600 միլիոնի կորուստը բացահայտած անձին հեռացրել են հիմնադրամի կազմից․ 168․am

600 միլիոնի կորուստը բացահայտած անձին հեռացրել են հիմնադրամի կազմից․ 168․am

168.am-ը գրում է․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում շուրջ 600 մլն դրամի կորուստը բացահայտելուց հետո, կառույցի ներսում այդ բացահայտմանը հետամուտ լինելու փոխարեն՝ որոշել են մեկուսացնել այդ մասին աղմուկ բարձրացնողին, որպեսզի այլևս չխոսի և խայտառակ իրավիճակում չդնի օրվա իշխանություններին։

Օրեր առաջ, ծածուկ կերպով, անհասկանալի պայմաններում որոշում է կայացվել՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնել Մեսրոպ Մանուկյանին, ընդ որում՝ կասեցնելով նրա պաշտոնավարման 3 տարվա լեգիտիմ իրավունքը (ընտրված անդամն օժտված է 5 տարվա իրավունքով), ինչը հակասում է հիմնադրամի կանոնադրությանը։

Եվ ամենաուշագրավն այն է, որ Մեսրոպ Մանուկյանն իր աշխատանքը կորցնելու մասին տեղեկացավ մեզանից՝ 168.am-ից, զանգի միջոցով։ Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, հարցերի համար Մեսրոպ Մանուկյանը ժամանակ խնդրեց, մինչև որ իրավիճակին կծանոթանա և պարզաբանումներ կստանա խորհրդի կազմից։

Ասաց, որ լուրն անակնկալ էր իր համար, և հետևաբար՝ պատրաստ չէ դրդապատճառներից խոսել։ Նրան հայտնի չէր նաև, թե ինչ մեխանիզմ է գործի դրվել հիմնադրամից իրեն «վտարելու» գործընթացում, քանի որ դրա միակ հիմքը պետք է իր հրաժարականի տեքստը լիներ, ինչը չի եղել։

Ի դեպ, Մեսրոպ Մանուկյանը հաստատեց նաև մեր այն տեղեկությունը, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինքը փակ հանդիպում է ունեցել, և նրա հետ տետ-ա-տետ քննարկել է «Պետական գանձարանից՝ հիմնադրամ անհետացող փողերի թեման»։ Արդյունքի մասին և այլ մանրամասներ խոստացավ հրապարակել առաջիկա օրերին, երբ իրեն պարզ կդառնա, թե որքանով է իր բացահայտումների շղթան հանգեցրել իր դեմ արշավին, որից մեկը, փաստորեն, հիմնադրամից իրեն «վտարելը» եղավ։

Ընդգծենք, Մեսրոպ Մանուկյանն այս հիմնադրամի 9 անդամից բաղկացած կազմում որպես տնտեսագետ էր ներգրավված և միակն էր հանրային սեկտորից ներկայացված հատվածում։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ հանրային վերահսկողությունը գուցե թուլանա հիմնադրամում. դեպքերի հաջորդական զարգացումները հուշում են, որ այո, Մեսրոպ Մանուկյանի՝ հիմնադրամում լինելը ձեռնտու չէր իշխանություններին։

Ստացվում է՝ նրան հեռացնում են ֆինանսական հաշվետվությունների էպիկենտրոնից, որպեսզի տնտեսագետը, համալսարանական դասախոս և ԵԿՄ-ական երիտասարդն այլևս չտիրապետի իրավիճակին, թվերի իրական ցուցանիշ չհրապարակի և փաստի առաջ չկանգնեցնի վարչապետ Փաշինյանին, ով պարբերաբար հպարտանում է Նոր Հայաստանում 55.000-60.000 բացված նոր աշխատատեղերով, որոնք, փաստորեն, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։

Հիշեցնենք, ամեն անգամ վարչապետի կողմից հրապարակվող գրանցված աշխատուժի ցուցանիշից հետո Մեսրոպ Մանուկյանը հրապարակայնորեն պարզաբանումներ էր պահանջում Փաշինյանից, որն իրականությունը սուտ տվյալներով էր ներկայացնում, ինչպես նաև վերջինիս չճշտված թվեր տրամադրող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից։

Իսկ նման անհարմար իրավիճակներ Մեսրոպ Մանուկյանը պարբերաբար էր ստեղծում պետական պաշտոնյաների համար՝ ցույց տալով, որ առնվազն վարչապետին ուռճացված թվեր են մատուցվել ՊԵԿ-ից, որպեսզի նա այդ, մեղմ ասած, չճշտված ճոխ թվերով ինքնագովազդվի՝ աշխատատեղերի ստեղծման ֆոնին, հակառակ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունում ու ՊԵԿ-ում չարամտորեն թույլ են տրվում չարաշահումներ կամ բացթողումներ, և վարչապետն ունակ չէ տեր կանգնել անհետացող միլիոնավոր գումարներին։

Հիշեցնենք, մեր երկրում հրապարակվող աշխատատեղերի և հիմնադրամի պարտադիր 1000 դրամ վճարումների միջև հսկայական անհամապատասխանելիությունն արտահայտվում էր մինչև 56 հազար աշխատատեղով, այսինքն՝ այսքանը, ըստ Մեսրոպ Մանուկյանի, նկարած, սուտ թիվ է, հակառակ դեպքում ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը պարտավոր էին բացատություն տալ, թե ինչպես են կորչում ամեն ամիս հավաքագրման ենթակա հիմադրամի մինչև 56 մլն-ական դրամները, որոնց հանրագումարն այս պահի դրությամբ գերազանցում է 600 մլն դրամը։ Իսկ դա նշանակում է, որ հիմնադրամում պահվող գումարը, որ ամեն օր աշխատում է 9%-ով, 600 մլն դրամից բացի, ևս 56 մլն դրամ եկամուտ պիտի ապահովեր, ինչը չկա։ Նկատենք նաև, որ մինչ օրս պատկան մարմիններից չի հնչել հստակ հիմնավորող բացատրություն։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Կառավարության շենքի առաջ զոհվածների մայրերի ցույցի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ հարցնելով, թե արդյո՞ք վերջինս չի եղել գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը: «Եղել եմ» պատասխանը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն ավելացրել էր. «Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում, կամ մինչև 2018թ. ինչի՞ չեք վաճառել էն թրերը, ոսկիները, փողերը, ինչի՞ չեք վաճառել, հիմա ինձանից ի՞նչ եք ուզում»:

Ի պատասխան Փաշինյանի այս խոսքերի՝ Մեսրոպ Մանուկյանը, ով ժամանակին ԱԺ-ում գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն էր եղել, մամուլով պատասխանել էր Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «2008-ին, երբ ես դեռ չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին, դուք էիք հրապարակում նրա անունը վանկարկում և ծափահարում, երազում, որ նա միանա ձեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ