05 11 2019

Նախքան հրաժարականը Կենտրոնի թաղապետը գրավոր նկատողություն էր ստացել․ Փաստինֆո

Նախքան հրաժարականը Կենտրոնի թաղապետը գրավոր նկատողություն էր ստացել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երեւանի քաղաքապետարանից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել ՝ արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական պատասխան են տվել։

«Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»,-նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Ի դեպ, նշենք, որ Վ.Մնացականյանը միակ վարչական շրջանի միակ ղեկավարն է, որը այս տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ նկատողությունը որպես կարգապահական տույժ կիրառելուց օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Վիկտոր Մնացականյանը հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ. «Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել»,-գրել էր Վիկտոր Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին, քաղաքապետին, Երևանի գլխավոր ճարտարապետին, իր գործընկերներին ու թիմակիցներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ