Hraparak.am-ը գրում է․ «Կառավարության հետ հարցուպատասխանին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շատ վճռական տոնով ասաց, որ ունի մի փաստաթուղթ, որով օգնելու է Փաշինյանին՝ բացահայտել մի շատ վատ բան։ Խոսքը նոր Հայաստանում բացահայտված՝ ստվերից հանված մոտ 60 հազար նոր աշխատատեղերից հիմնադրամի հաշվին 1000-ական դրամների փոխանցման, ավելի ճիշտ՝ չփոխանցման մասին է։ Այսինքն՝ ամսական 60 միլիոն դրամ, Ուրիխանյանի հաղորդմամբ, 1․5 տարի է՝ չի փոխանցվել հիմնադրամին։ Տիգրան Ուրիխանյանը, հիշեցնենք, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ «Չկա ոչ միայն Ձեզ ներկայացված այն 300-ից ավելի միլիոն դրամը, որի մասին ասացիք անցած անգամ, առավել եւս չկա 600 միլիոն դրամը։ Եկեք բացահայտենք էս խնդիրը եւ պատժենք մեղավորներին»,- ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։
Հարցից մռայլված վարչապետն ամբիոնից մեջբերեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած մեկ այլ տեղեկանք, ըստ որի՝ այդ գումարները կան, մասնավորապես՝ 2019-ի 9 ամիսներին հիմնադրամին ավել է փոխանցվել նույն ժամանակահատվածի համեմատ 648․8 միլիոն դրամ։ Ուրիխանյանը չհամաձայնեց, ասաց, որ իր ձեռքում պաշտոնական փաստաթուղթ է, ինչին Փաշինյանը բառացի հակադարձեց, որ իրենն ավելի պաշտոնական է, եւ սկսեց խոսել ինչ-որ սխեմաների մասին, որ հնարավոր է՝ այս ամիս լինի, մյուս ամիս չլինի, որովհետեւ սկզբում մտնում է ՊԵԿ եւ այլն։ Hraparak.am-ը այս առնչությամբ դիմել է հիմանդրամ՝ գրավոր հարցմամբ, խնդրելով պարզաբանել, թե ինչպիսի՞ն են վերջին մեկուկես տարվա տվյալները։Ստացել ենք հետևյալ գրությունը․
«Պատասխանելով Ձեր հարցին՝ նշենք, որ դրոշմանիշային վճարների ամսական կտրվածքով վճարումների մասին տեղեկատվությունը հրապարակվում է եռամսյակը մեկ անգամ՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին տեղեկատվությունն ամփոփված է Հիմնադրամի տնօրենի հաշվետվություններում, որն հրապարակվում է կայքում (տե՛ս տնօրենի հաշվետվություններ, կամ խորհրդի նիստեր բաժիններում) և պարունակում է.
ՀՀ-ից և ԱՀ-ից հրապարակման պահի դրությամբ հավաքագրված հատուցումներն ըստ ամիսների, վճարողների և կազմակերպությունների քանակի,Հիմնադրամի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում դրոշմանիշային վճարների աճը, Դրոշմանիշային վճարների աճը՝ համեմատած նախորդ տարվա ընթացքում հավաքագրված միջոցների»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարել էր, որ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը ավելացել է մոտ 64 հազարով և հասնում է 606 հազարի։ Այսինքն՝ երբ 64 հազար նոր աշխատողների քանակը բազմապատկում ենք 1000-ական դրամներով, ստացվում է, որն այս ժամանակահատվածում ամեն ամիս պետք է հիմնադրամ գար 64 միլիոն դրամ, մինչդեռ նման պատկեր չկա, միայն հունիս ամսվա համար կա մոտ14 տոկոսանոց աճ կամ ավել 24 միլիոն դրամ և այս տարվա ապրիլին էլ՝ 2018-ի համեմատ՝ ավել 16 միլիոն դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը