24 10 2019

ՍԴ-ից հետո ո՞րն է լինելու հաջորդ «ախոյանը»․ «Փաստ»

ՍԴ-ից հետո ո՞րն է լինելու հաջորդ «ախոյանը»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ հնարավոր է լինում ապահովել երկրի թռիչքային զարգացումը: 

Իսկ արդյունավետ կառավարումը ենթադրում է ոչ միայն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, այլև քաղաքական կայունության ապահովում:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում քաղաքացիները հույսեր ունին, որ մեր երկիրը թևակոխելու է թռիչքաձև զարգացման նոր փուլ, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հույսերը իրականություն չեն դառնում, և հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դժվար էլ առաջիկայում այդ հույսերը իրականություն դառնան: 

Իշխանությունը չունի այն որակական հատկանիշները, որով կկարողանա երկրում քաղաքական կայունություն ապահովել և դնել տնտեսական զարգացման հիմքերը։ Եվ որպեսզի երկիրը զարգացնելու իր անկարողությունը լիովին տեսանելի չդառնա, կառավարությունը դիմում է որոշակի մարտավարական հնարքների:

Հյուսվում են լեգենդներ որևէ խոչընդոտի կամ պայմանական հակառակորդի մասին, որը թույլ չի տալիս, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը երկիրը ծանր վիճակից դուրս հանի: 

Եվ պայքարելով դրա դեմ ու այդ խոչընդոտը «հաղթահարելով»՝ իշխանությունը հանրությանն է հրամցնում նոր միֆ, թե երկրի զարգացմանը խոչընդոտում է մեկ այլ արգելք, որը պետք է հաղթահարվի:

Հիմա փաստերի հիման վրա ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը: Երբ Փաշինյանն անցած տարի ընտրվեց վարչապետի պաշտոնում, մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ վերջինիս խոստացած կտրուկ փոփոխությունները երկրի համար իրականություն չեն դառնում ու դժվար էլ դառնան: 

Այդ ժամանակ էլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե այդ ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժ է անում և թույլ չի տալիս, որ ինքը երկիրը դնի զարգացման ռելսերի վրա, թեպետ չէր եղել մի օրինագիծ, որը կառավարությունը ներկայացներ, իսկ խորհրդարանը մերժեր:

Ինչևէ, արտահերթ ընտրությունները տեղի ունեցան, բայց հանրությունը այս անգամ ևս լուրջ փոփոխությունների ականատես չեղավ: 

Դրանից հետո էլ սկսվեց «նախկինների» ստվերի դեմ երկարատև «պատերազմը», որը տարբեր դոզաներով ու անուններով շարունակվում է նաև այսօր: 

Այդ ընթացքը զուգորդվում էր տարբեր քրեական գործերի հարուցման և պետությանը գումարների վերադարձման մասին ճոխ տեղեկությունների տարածմամբ: 

Սակայն գումարների վերադարձի մասին տեղեկությունների տարածումը որևէ շոշափելի արդյունք չունեցավ բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում: Կարծես թե այդ մասին հրապարակումները ավելի շատ կոչված էին սենսացիա ապահովելու խնդրի լուծմանը:

Քանի որ ժամանակն անցնում էր, իսկ իշխանության խոստումները մնում էին անկատար, նոր թշնամու կերպար կերտվեց, այն դատական համակարգն է, հատկապես Սահմանադրական դատարանը: 

Իսկ հիմա իշխանությունը տարբեր ճնշումների միջոցով և քրեական գործերի հարուցման միջոցով ուզում է իրենով անել ՍԴ-ն:

Սակայն հարցն այն է, թե ՍԴ-ի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո ո՞րն է լինելու հաջորդ «ախոյանը», որը բռնել է իշխանության ձեռքը և չի թողնում կախարդական փայտիկի միջոցով առաջ մղել մեր երկրի զարգացումը: 

Կարելի է կանխատեսումներ անել, բայց այս իշխանությունների պարագայում դա անշնորհակալ գործ է, քանզի կառավարման ողջ համակարգն ու ընթացքը հիմնված է մեկ մարդու տվյալ օրվա երազների կամ տրամադրության վրա: 

Այդուամենայնիվ, ենթադրենք, որ այս ամենին զուգահեռ նոր թիրախ է ընտրվելու Սահմանադրությունը։ 

Շուտով իշխանավորները փաստեր կբերեն, թե գործող Սահմանադրությունը չի բխում երկրի շահերից, դրա համար էլ դրական փոփոխություններ չկան։

Միգուցե նաև իրենց անգործությունն արդարացնելու համար իշխանությունների կողմից հորինվեն վտանգավոր դավադրությունների և ռևանշիզմի մասին նոր պատմություններ, որին կհետևի վհուկների որսը։ 

Եվ այսպես շարունակ ժողովուրդը տպավորություն է ստանալու, թե կառավարությունը ցանկանում է գործի անցնել, բայց նրան թույլ չեն տալիս:

Փաստորեն ստացվում է, որ իրական խնդիրների վրա կենտրոնանալու ու գործ անելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է «ժողովրդի թշնամիների» փնտրտուքով։ 

Դե, «խանգարողներ» միշտ «պետք» կլինեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ