24 10 2019

ՍԴ-ի շրջափակումն արդյո՞ք իշխանության յուրացում է. «Փաստինֆո»

ՍԴ-ի շրջափակումն արդյո՞ք իշխանության յուրացում է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ «Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասը, որի հիման վրա զարգանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը, անորոշ է եւ Հայաստանի դատական պրակտիկայում երբեւէ չի կիրառվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի /իշխանության յուրացնելը /1-ին կետը սահմանում է. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Արա Ղազարյանի խոսքով, մասնավորապես, անորոշ է «այլ եղանակով» ձեւակերպումը։«Դա անորոշ է եւ դատական պրակտիկայում երբեւէ չի կիրառվել կամ մեկնաբանվել, սա առաջին նախադեպն է։ Մենք չենք էլ ունեցել , այն ներմուծվել է 2009 թվականի մարտին, երբ Եվրախորհուրդն առաջարկեց բարեփոխել նախկին 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը», որը անորոշ էր եւ այն ժամանակ որոշվեց այդ հոդվածը բաժանել մի քանի հոդվածների, որից մեկը «սահմանադրական կարգի տապալում»-ն էր եւ 300-րդ հոդվածը մնաց այս տեսքով»,-«Փաստինֆո»-ին ասաց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, հոդվածի առաջին մասը որոշակիորեն հասկանալի է՝ այնտեղ խոսքը բռնությամբ իշխանությունը յուրացնելու մասին է, բայց երկրորդ մասում առանցքային է «այլ կերպ» ձեւակերպումը . «Առանցքային է՝ «այլ կերպ» արտահայտությունը։ Այլ կերպ՝ խաղաղ միջոցներո՞վ, ՍԴ-ի շրջափակումը, ենթադրենք, թույլ չտալը, որ Սահմանադրական դատարանը նիստ անցկացնի, արդյո՞ք դա այն է, ինչ այստեղ գրված է, թե սահմանադրական կարգի տապալում է։ Մենք չգիտենք, թե «այլ կերպ» -ը ինչ է ն նշանակում, բոլոր դեպքերում կարծես թե ակնկարկում են ոչ բռնի եղանակով»։

Արա Ղազարյանի խոսքով, այս գործերով կստեղծվի նախադեպային մոտեցում։ «Քրեական իրավունքը պետք է մեկնաբանվի, մենք դեռ պետք է սպասենք եւ տեսնենք, թե դատախազը ինչպես է մեկնաբանում, քննիչը ինչպես են մեկնաբանում, դատարանները ինչպես են մեկնաբանում, եթե գործը հասնի դատարան, որովհետեւ դա անցյալ չունեցող հասկացություն է»,-նշում է Արա Ղազարյանը։

Առհասարակ, պետական իշխանության յուրացումը, ըստ մասնագետի, մեկնաբանվում է բռնության միջոցով։ Սահմանադրական կարգը տապալելը եւս մեկնաբանվում է բռնության միջոցով։ «Ժամանակին, երբ փոփոխություն արվեց, այս 2 հոդվածներում ավելացան նաեւ ոչ բռնի եղանակով արարքները, որոնք հանցակազմ են կազմում։

Սա մտահոգիչ է, որովհետեւ, երբ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում, որի հիմքում չպետք է լինի բռնությունն ու անհանդուրժողականությունը, արդյո՞ք սա եւս պետք է մեկնաբանվի որպես սահմանադրական կարգի տապալում կամ իշխանության մաս կազմող ՍԴ լիազորությունների յուրացում։ Ենթադրենք բողոքի ակցիա է իրականացվում»,-հարցադրում է անում Արա Ղազարյանը։

Անդրադառնալով «Սահմանադրական դատարանի լիազորություններ» հասկացությանը եւ այն դիտարկմանը, թե արդյո՞ք միայն ՍԴ-ի նախագահի ընտրության միջոցով հնարավոր է կոլեգիալ մարմնի լիազորություններն ամբողջացնել, Արա Ղազարյանը արձագանքեց. «ՍԴ-ի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ »։

Միեւնույն ժամանակ, Արա Ղազարյանի խոսքով, քրեական իրավունքում կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշներ հասկացությունը եւ պետք է պարզել՝ մտադրություն եղե՞լ է, թե՞՝ ոչ, դիտավորություն եղե՞լ է, թե՞է՝ ոչ, գուցե մարդկային սխալի արդյո՞ւնք է եղել։

«Մյուս կողմից քրեական իրավունքն ունի անհատականացման սկզբունք, այսինքն,անհատին պետք է արարքը մեղսագրվի կամ որեւէ արարք նրան պետք է վերագրվի։ Եթե կոլեգիալ է՝ հանցակցության գաղափարն է ի հայտ գալիս, բայց դեռ վաղ է փորձել մեկնաբանել, որովհետեւ նախ փաստերը պետք բարձաձայնել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել Արսեն Բաբայանի հետ եւ դիմումը շուտ կամ ուշ մուտքագրելը որքա՞ն կապ ունի ՍԴ լիազորությունները յուրացնելու դիտավորության հետ, եղե՞լ է դիտավորություն, թե չի եղել կամ նույնիսկ, եթե պայմանավորվածություն եղել է, որ Հրայր Թովմասյանն այդ պաշտոնը զբաղեցնի հին կարգավորումներով, արդյո՞ք դա կարող է մեկնաբանվել որպես յուրացում»,-բացատրեց մասնագետը։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացին, Արա Ղազարյանի խոսքով, այստեղ թիրախավորման եւ քաղաքական անհանդուրժողականության մասին կարող ենք խոսել։ «Հաշվի առնելով, որ արդեն կես տարի է՝ քաղաքական գործիչները , քաղաքական վերնախավը բացեիբաց խոսում է, որ Հրայր Թովմասյանը պետք է պաշտոնանկ արվի զուտ նրա համար, որ նա քաղաքական գործիչ է, ՀՀԿ անդամ, այստեղ խոսքը գնում է քաղաքական անհանդուրժողականության եւ, ըստ էության, թիրախավորման մասին»,-կարծում է Արա Ղազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ