22 10 2019

Սա անձի թիրախավորում է, խտրականություն․ Արա Ղազարյան․ «Հրապարակ»

Սա անձի թիրախավորում է, խտրականություն․ Արա Ղազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցյալ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով փորձել էր իրավական գործընթացի իմիտացիա ստեղծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, բայց չստացվեց։ Մենք ընդամենը գիտենք, որ հայ ժողովրդի մոտ մեծ «վստահություն» վայելող անվտանգության գերատեսչությունը կասկածներ ունի, թե Զաքյան փողոցում գտնվող շենքի վերակառուցման կամ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ու Սարի թաղի դպրոցի վերանորոգման ընթացքում կարող են յուրացումներ եղած լինել, որ Թովմասյանի ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը չի հայտարարագրվել, հնարավոր է ինչ-ինչ չարաշահումներ են եղել։ Ու այս կասկածների շուրջ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում։ Արդյոք հարուցվա՞ծ է քրեական գործ՝ ՍԴ նախագահին ու նրա ընտանիքին առնչվող։ «Եթե խոսքն ԱԱԾ-ի մասին է, ապա եթե հարուցվի, կարծում եմ՝ իրենք կտեղեկացնեն։ Մինչ այդ գործողություններն ուղղված են նրան, որպեսզի պարզվի՝ դրանցով ձեռք բերված տվյալները քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր պարունակո՞ւմ են, թե՞ ոչ։ Դրանից ելնելով էլ՝ իրավական դիրքորոշում կարտահայտվի»,- պատասխանում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ կատարվող գործողությունները կարելի՞ է համարել քրեական հետապնդում։ «Բացառապես իրավական գործընթացներ են»,- ասում է Աբրահամյանը։ Ուրեմն ինչո՞ւ է այս իրավական գործընթացը կատարվում հենց այն ժամանակ, երբ ամբողջ իշխանական վերնախավը, ԱԺ մեծամասնության հետ, պահանջում է Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Այս հարցին ոչ մի համոզիչ պատասխան չկա։

Այս պահին, փաստորեն, չկա քրեական գործ, բայց Հրայր Թովմասյանի անունը շոշափվում է մեկ այլ քրեական գործում։ Այն հարուցված է ՀՔԾ-ում մի շարք անձանց կողմից իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ։ «Մի շարք անձանցից» նշվում է միայն Թովմասյանը։ Հիշեցնենք․ հաղորդում տվողն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է, որը հայտնել էր, որ Թովմասյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել, բայց այդ ընթացքում արդեն սկսվել է նրան ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու գործընթացը, եւ նա մանդատը վայր չի դրել ու զուգահեռաբար եղել է նաեւ ՍԴ անդամ, ինչն օրենքն արգելում է։  

Իրավաբաններն ու փաստաբաններն այս օրերին կարծիքներ են հայտնում գործընթացի շուրջ։ Ըստ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ իշխանությունը յուրացնելու գործով Թովմասյանի անունը ՀՔԾ-ի կողմից հրապարակելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ «ՄԻԵԴ-ն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող»,- ասել է նա «Փաստինֆո»-ին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի շուրջ, դասական քաղաքական հետապնդում է ե՛ւ եվրոպական, ե՛ւ հայկական իրավունքի տեսանկյունից։ «Երբ որ սկսվում է քրեական գործով քննություն, ոչ միայն փաստաթղթային հիմքով չպետք է որոշեն, թե մարդուն ներգրավել են արդեն որպես մեղադրյալ, թե ոչ, այլեւ բովանդակային հիմքով։ Հնարավոր է՝ նյութեր են նախապատրաստում անձի մասով, բայց անունը դնում են, թե դեպքով ենք նախապատրաստում։ Փաստաթղթերում կոնկրետ անձի անուն է տրված, նրան արհեստական կարող են պահել վկայի կարգավիճակով, բայց կանչեն ու հարցեր տան որպես կասկածյալի՝ արհեստականորեն պահելով որպես վկա, որովհետեւ վկան ավելի քիչ իրավունքներ ունի, քան կասկածյալը։ Ժամանակին սա տարածված պրակտիկա էր, եւ ՄԻԵԴ-ի ջանքերով այս պրակտիկան ժամանակի հետ նվազում է։ Հիմա, Հրայր Թովմասյանի դեպքում ասում են՝ հանցագործության դեպքով քրեական գործ ենք հարուցել։ Փաստաթղթերով անուն չեն տալիս, բայց իրենց հարցազրույցներում ողջ գործադիր իշխանությունը խոսում է Հրայր Թովմասյանի մասին։ Այս դեպքում եվրոպական իրավունքն ասում է՝ եկեք ձեւականությունների հետեւից չընկնենք, ձեր ելույթներում դուք թիրախավորում եք նրան, թեեւ փաստաթղթերում կոնկրետ անուն չեք նշում։ Նշանակում է՝ նա դե ֆակտո, ոչ թե դե յուրե, կասկածյալ է»,- վերլուծում է Արա Ղազարյանը։

Ըստ իրավաբանի՝ եվրոպական իրավունքի սկզբունքներով նյութեր նախապատրաստելը նույնպես քրեական հետապնդում է։ «Դու դա անում ես կոնկրետ անձի նկատմամբ, ոչ թե դեպքով։ Ուղղակի, սովետական ժամանակից այդ մեխանիկական տարանջատումները՝ հետաքննություն, նախաքննություն, գալիս են, բայց իրականում քրեական դատավարությունում պարզեցում է գնում։ Անունը դիր հետաքննություն, նյութերի նախապատրաստում, եւ բոլորը գիտեն, թե ում նկատմամբ է դա արվում»։ Արա Ղազարյանը զուգահեռ է տանում «Գողություն՝ իտալական ձեւով» ֆիլմի հետ, երբ ամբողջ քաղաքը գիտեր, որ գողերը գնալու են թալանի։ «Հիմա բոլորը գիտեն, որ այդ ամբողջն արվում է Հրայրի համար, բայց փաստաթղթերում անունը չկա։ Դա ձեւականություն է, այստեղ դե ֆակտո քրեական հետապնդում է։ Մնում է մի հատ էլ գնան՝ ՍԴ-ի վրա մեծ պլակատ գրեն․ «Հրայր, հեռացիր, քեզ բռնելու ենք շուտով»։ Սա անձի թիրախավորում է, խտրականություն է, քաղաքական հետապնդում է,- ասում է Ղազարյանը։- Դա արվում է ոչ թե որովհետեւ հանրային գերակա շահը պահանջում է հանցավորության դեմ պայքար, այնտեղ հանցավորություն էլ չկա, այլ արվում է նրա համար, որ Հրայրը ՀՀԿ անդամ է եղել, իսկ դա քաղաքական կանխակալություն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ