«168 Ժամ»-ը գրում է․ «Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից: Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են: Կարևոր է, թե ուր են գնում գումարները:
Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են: Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը: Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով: Հրապարակված վերջին տվյալներով անցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը: Արդեն այս տարվա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ:
Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով: Իսկ դա լուրջ անկում է: Սա տնտեսության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բանկային կապիտալը նվազել է: Թեև այնպես չէ, որ գյուղատնտեսությունը գտնվել է փայլուն վիճակում: Գարնան նախաշեմին կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այնպիսի ծրագրերի ու դրանց շրջանակներում հատկացվող վարկերի սուբսիդավորման, անհատույց գումարների տրամադրման մասին էր խոսում, որ թվում էր, թե ուր որ է գյուղատնտեսությունը փողի տեղ ու դադար չի ունենալու:
Թե ինչ եղավ հետո, դժվար չէ կռահել: Գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել, իսկ այդ ծրագրերից նորություն չկա: Ասվեց ու մոռացվեց: Արդյունքների մասին այլևս ոչ մեկը չի խոսում: Չնայած, եթե ասելու բան լիներ, հիմա վարչապետը վաղուց մի քանի շռնդալից գրառումներ էր արել:
Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի զարգացումների շրջանակներում: Ռազմավարական ճյուղ հայտարարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբերություն արդյունաբերության, վերջին մեկ տարում, իհարկե, ավելացել է: Այլ հարց է, թե ինչքա՞ն, մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրամով: Աճը չի հասնում նույնիսկ 1 տոկոսի:
Այս թվերը շատ խոսուն են: Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականությունն ինչքանով են տարբեր: Բանկերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորանում է: Հույսերը, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդպես էլ մեկ տարի հետո չեն իրականանում:
Տնտեսության իրական հատվածը չի կարողանում մարսել թանկ փողերը, իսկ էժան փողեր Հայաստանում չկան կամ շատ քիչ են: Ներդումների, առավել ևս օտարերկրյա ներդրումների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ արտաքին կապիտալը հետ է քաշվում:
Տարվա առաջին կեսին տնտեսության մեջ ձևավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը 5 անգամ նվազել են: Ու դա տեղի է ունեցել ներքին տնտեսությունից արտաքին կապիտալի ավելի ակտիվ տեղաշարժի հետևանքով: Վեց ամսում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր մուտքը կազմել է ընդամենը 16 մլն դոլար: Այն դեպքում, երբ անցած տարի հասնում էր 80 մլն դոլարի: Կապիտալը դուրս է գալիս երկրից, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Դա ուղղակի պատասխան է կառավարության այն գործողությունների, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը