09 10 2019

Ինչքա՜ն պետք է դեգրադացված լինել մարդկանց մահը երազելու համար․ «Հրապարակ»

Ինչքա՜ն պետք է դեգրադացված լինել մարդկանց մահը երազելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբեմն հանրային մակարդակում այնքան տարրական քննարկումներ են ընթանում, որ ապշում ես՝ այս մարդիկ դպրոց չե՞ն գնացել, ընտանիքում նրանց ոչինչ չե՞ն սովորեցրել, գոնե մեկ-երկու գիրք իրենց կյանքում չե՞ն կարդացել։ Ինչպե՞ս կարող է նորմալ չափահաս, մեղսունակ անձը պնդել, որ բռնությունը վատ բան չէ՝ հակառակը շատ լավ բան է, եւ բռնություն քարոզի։ Չէ՞ որ անգամ ծանր հանցագործներին ու մարդասպաններին խոշտանգելն է աշխարհում արգելված եւ պատժելի արարք համարվում։ Ինչպե՞ս կարելի է քեզնից թույլ մարդուն, որն անկարող է քեզ պատասխանել, վիրավորել-անպատվել ու դրանից հաճույք ստանալ։ Ինչքա՜ն պետք է մարդը վայրենի լինի, որ մարդու հիվանդությունը, ֆիզիկական արատը դարձնի ծաղրի առարկա, նսեմացնի, ստորացնի նրան, օգտվի նրա անօգնական վիճակից։ Ի՜նչ աստիճանի պետք է հասարակությունը դեգրադացված լինի, որ ոչ թե արդար դատաստան պահանջի բացառապես այն անձանց համար, ում մեղքը հաստատված է, այլ «սամասուդի» ինստիտուտը զարգացնի, անիծի ու երազի որոշ մարդկանց մահը։

Երիտասարդներն ու առողջներն ինչքա՜ն պետք է անբարոյական լինեն ու անդաստիարակ, որ տարեցների հանդեպ տարրական հարգանքի ու նրանց արժանապատիվ ծերություն մաղթելու-ապահովելու փոխարեն, կոչ անեն բոլոր ծերերին ուղարկել թոշակի, իսկ հաշմանդամներին՝ մեկուսացնել հասարակությունից։ Չէ՞ որ ծերությունը բոլորին անխուսափելիորեն սպասվող «արհավիրք» է, իսկ հիվանդությունից կյանքում խուսափել քչերին է հաջողվում։ Պաշտոնյան ինչքա՜ն պետք է սնամեջ ու դատարկ լինի, որ իր միակ առաքելությունը տեսնի ենթականերին աշխատանքից ազատելու եւ մերձավորներին պաշտոններ բաժանելու մեջ։ Վերջապես․ կիրթ մարդիկ ցանկացած իրավիճակում փորձում են դիմացինի աչքերով նայել իրերին եւ իրենց պատկերացնել նրանց տեղում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ