12 09 2019

ԱԺ-ն Սահմանադրությո՞ւն է խախտում․ «Հրապարակ»

ԱԺ-ն Սահմանադրությո՞ւն է խախտում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորս հիշում ենք, որ Բիշքեկում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԵԱՏՄ նիստին մասնակցող Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանգամանքներից դրդված որոշել էր շտապ վերադառնալ Հայաստան, հետո այդ մտադրությունը բացատրում էր նրանով, որ շտապում էր գալ-հասնել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին։ Նախկինում էլ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անարգանքի սյունին էր գամում նախկին վարչապետերին, եթե նրանք չէին բարեհաճում ներկայանալ Ազգային ժողով՝ հարցուպատասխանին։ Սակայն պարզվեց՝ այդ կանոնը վերաբերում է միայն վարչապետերին, իսկ նախարարները կարող են եւ չմասնակցել ԱԺ հարցուպատասխանին։

Գոնե երեկ ԱԺ դահլիճում թվով 5 նախարար էր բացակայում։ Նրանց փոխարեն ներկայացել էին փոխնախարարները, որոնք Սահմանադրության 112-րդ հոդվածի եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն, իրավունք չունեն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխարինել նախարարներին։ Հարցերին հիմնականում պատասխանում էին վարչապետն ու փոխվարչապետերը, քանի որ նախարարները կա՛մ գործուղման էին, կա՛մ՝ արձակուրդում։ Մեր լրագրողը փորձել է պարզել՝ եթե փոխնախարարները չեն էլ պատասխանելու հարցերին, ինչո՞ւ են Սահմանադրության խախտմամբ եկել եւ նստել խորհրդարանի դահլիճում։ Նախկինում նման բան չէին անում, անգամ եթե նախարարը բացակայում էր։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղակալ Արմեն Հայրապետյանը դա բացատրել է այսպես․ «Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել էդ իրավական հիմքը։ Ազգային ժողովից զանգել, ինձ զգուշացրել են, որ ներկա լինեմ։ Ես ոչ թե որպես կառավարության անդամ եմ ներկա երեւի, այլ նիստին տեղյակ լինելու եւ անհրաժեշտության դեպքում՝ էն հարցերի վերաբերյալ, որոնք մեզ են վերաբերում, կարողանամ օգնել պատասխանողին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ