11 09 2019

Դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ․ փաստաբան․ «Փաստ»

Դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ․ փաստաբան․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ Նախօրեին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Նշենք, որ ՍԴ որոշումից հետո, որով հակասահմանադրական էր ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք վերաբերում են Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Մինչ անդրադառնալը բուն թեմային, ՍԴ որոշումից բխող հնարավոր որոշումներին ու դատախազության հայտարարությանը, փաստաբան Արա Ղազարյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է. «Մեր երկրում արդեն «բարի» ավանդույթ է ձևավորվել, որի համաձայն, երբ ՍԴ-ն ինչ-որ որոշում է կայացնում, թե՛ պետական մարմինները, թե՛ մասնավոր հատվածը և թե՛ քաղաքացիական հասարակությունը տարբեր կերպ են այն մեկնաբանում:

Հիշենք 2004 թ. ՍԴ-ի հայտնի որոշումը՝ կապված վստահության հանրաքվե անցկացնելու հետ: Այդ որոշման հրապարակման հաջորդ օրը դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակները:

Մեր երկրում նման բաներ էլ են տեղի ունեցել»,կես կատակ հիշեցնում է փաստաբանը, հետո տեղափոխվում մեր օրեր ու անցում կատարում վերոնշյալ թեմային:

Ա. Ղազարյանը ընդգծեց՝ ՍԴ որոշումը չի վերաբերում անձեռնմխելիության երևույթին, այլ վերաբերում է օրենքում անձեռնմխելիության հարցը լուծելու կառուցակարգի բացակայությանը:

«ՍԴ որոշումը շատ պարզ էր. այնտեղ ասվում էր, որ քրեական դատավարությունում բացակայում է համակարգ, ըստ որի՝ կորոշվի նախ՝ որոշ անձանց, այդ թվում՝ նախագահի անձեռնմխելիության հարցը, որից հետո կորոշվի կալանքի կամ քրեական հետապնդման հարցը:

Այդպիսի համակարգ պետք է լինի քրեական դատավարության շրջանակներում՝ ընդհանուր կարգով: Հիմա դատախազությունն ասում է, ա՛յ, տեսե՛ք, քանի որ արդեն ընդհանուր կարգով պետք է այդ համակարգը լինի, դե, մենք էլ ընդհանուր կարգով հարցը լուծել ենք, այսինքն, կալանավորման վարույթի ընթացակարգի շրջանակում նաև լուծել ենք անձեռնմխելիության հարցը:

Կամ քննիչը, որը քրեական հետապնդում սկսելու որոշում է կայացրել, քրեական գործ է հարուցել, մեղադրանք է առաջադրել, ընդհանուր կարգով, այսինքն, այդ վարույթի շրջանակներում ընդհանուր որոշել է նաև անձեռնմխելիության հարցը:

Ու դատախազությունը, փաստորեն, ասում է՝ ՍԴ-ի որոշումը հիմք չէ: 

Եվ այստեղ արդեն պարզ չէ, թե ինչ է ուզում ասել դատախազությունը: Կարծես թե, ուզում է ասել, որ ՍԴ-ն ասել է, որ կա այդպիսի համակարգ:

Բայց ՍԴ-ն հստակ ասել է, որ չկա, և ոչ միայն անձեռնմխելիություն բառն է բացակայում 35րդ հոդվածում, այլև այդ բառի հիման վրա ամբողջ համակարգ պետք է լինի. այսինքն, պետք է լինեն ընթացակարգեր, հատուկ մարմին և այլն:

Դատախազության մեկնաբանությունը տարօրինակ է, երբ ասում է՝ քանի որ նշվել է, որ ընդհանուր կարգով քրեական դատավարության շրջանակներում պետք է այդ համակարգը լինի, մենք էլ այդպես լուծել ենք այդ հարցը:

Այո՛, գուցե այդպես լուծել եք այդ հարցը, բայց համակարգ չկա: Հետո ՍԴ-ն շարունակում է՝ ասելով, որ այդ համակարգն անձին անձեռնմխելիությունից զրկելու կամայականության կամ անօրինականության դեմ շատ կարևոր երաշխիք, ինչպես նաև կարևոր պաշտպանական համակարգ է»,ընդգծեց Ա. Ղազարյանը:

Հաշվի առնելով ՍԴ որոշումը ու դիտարկելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությունը՝ Ա. Ղազարյանը շեշտեց.

«ՍԴ-ն այնպես է մեկնաբանում իրավիճակը, որ եթե այդ մեկնաբանությունը կիրառեն այսօրվա իրերի դրության վրա, ստացվում է, որ կալանքի հարցն անպայման նորից պետք է քննության առնվի՝ այս անգամ արդեն ՍԴ մեկնաբանությունների լույսի ներքո»:

Ա. Ղազարյանը ձեռնպահ մնաց քրեական հետապնդումը դադարեցնելու մասով գնահատական հնչեցնելուց՝ ընդգծելով, որ այդ մասով պաշտպանական կողմն ավելի տեղեկացված է:

Իսկ թե ի՞նչ կարող է հետևել ՍԴ որոշմանը, հաշվի առնելով նաև սպասվելիք դատական նիստը, փաստաբանը նշեց.

«Դատարանը պետք է որոշի: Եթե դատարանն առաջնորդվի ՍԴ մեկնաբանությամբ ու որոշի, որ իսկապես կա օրենքի բաց, ինչի մասին ՍԴ-ն արդեն նշել է, ապա այստեղ մի քիչ դժվար կացության առաջ ենք կանգնում: Այդ բացն այս պահի դրությամբ հնարավոր չէ լրացնել, որովհետև այն կարող է լրացնել միայն օրենսդիրը:

Սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս է պետք, որի ընթացքում պետք է մշակվի նախագիծ, ներկայացվի Ազգային ժողով և այդ կառուցակարգը ստեղծվի: Հիմա եթե դատարանը կալանքը դատաքննության փուլում անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա ստացվում է, որ կալանքն անփոփոխ է թողնվում օրենքի բացի պայմաններում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այստեղ խնդիր է ծագում:

«Իսկ եթե օրենքի բացը հնարավոր չէ լրացնել և դրանով հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, նշանակում է՝ խախտում կա: ՍԴ-ն պարզ ասում է՝ կա օրենքի բաց: Ու եթե օրենքի բացի պայմաններում անձը կրում է իր կալանավորման ժամկետը, սա խնդրահարույց է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Ազգային ժողովը միանշանակ պետք է լրացնի այդ օրենքի բացը:

Իսկ թե ի՞նչ է պետք, որ ավելի լայն համատեքստում բացառվի տարաբնույթ մեկնաբանությունների տեղատարափը, իրավական դաշտում ստեղծված այն մթնոլորտը, որը հիմա է առկա, Ա. Ղազարյանը կարճ պատասխան տվեց.

«Պարզապես դատարանի որոշումները պետք է հարգել ու կատարել՝ այդքան բան»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ