03 09 2019

Վարչապետը, ի լուր աշխարհի, ՀՀ-ն օկուպանտ է ճանաչել. Վիտալի Բալասանյան․ 168.am

Վարչապետը, ի լուր աշխարհի, ՀՀ-ն օկուպանտ է ճանաչել. Վիտալի Բալասանյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Արցախում շարունակում է թեժ քննարկումների թեմա մնալ Արցախի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչը՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»: Քաղաքական որոշ շրջանակներում այս կոչի հասցեատիրոջը ներսում են փնտրում, որոշ վերլուծաբաններ համարում են, որ խախտվել է անկախ Արցախի սուվերենության իրավունքը:

Ի դեպ, այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանը, մինչդեռ համանախագահող երկրները լուռ են:

Կարծիք կա, որ Փաշինյանը շտապողական քայլերով ստրատեգիական սխալներ է թույլ տալիս, որը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը, մասնավորաբար ակնարկվում է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ միասնական հանրապետություն հռչակելու մոտալուտ իրագործելի ծրագրի մասին: Նկատենք, Արցախի Վերածննդի հրապարակում այսքան վիճարկվող կոչից հետո անցել է շուրջ մեկ ամիս, և մինչ օրս վարչապետի կողմից կամ իշխանական թևից պարզաբանում չի հնչել:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն այս կոչի տակ մեծ վտանգներ է տեսնում. համարում է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, այս հայտարարությամբ Հայաստանն ի լուր աշխարհի օկուպանտ է ճանաչել, և համանախագահները լռում են, որովհետև իրենց ձեռնտու հայտարարություն է հնչել, դրանով նրանք դիվիդենտներ են շահել, որպեսզի հարմար առիթով այն օգտագործեն բանակցային գործընթացում:

«Սա մեր ինքնիշխանության դեմ հայտարարություն է, և դա հնչել է երկրի բարձրագույն ղեկավարից: Հայաստանը երբևիցե հակամարտող կողմ չի եղել, Արցախն է պատերազմի պարտադրված կողմ եղել, ուստի Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է համարվում, չի կարող Արցախը Հայաստան համարվել: Հակառակը՝ ՀՀ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի րոպե շուտ դուրս գան հակամարտող կողմ դիտարկվելու սահմանից, բայց տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ ինչի մասին են խոսում:

Մի պահ պատկերացրեք, Արցախի ձեռքում հայտնվում է մասսայական ոչնչացման մի զենք, և սա չենք բացառում, և մենք ուժի սպառնալիքով խոսենք Ադրբեջանի հետ, այս դեպքում ո՞վ է դառնում պատասխանատուն:

Մենք ներքուստ այդպես ենք ընկալում, որ համայն հայության համար Հայաստանն Արցախն է, ու նաև՝ հակառակը, մենք երկու հայկական պետությունները միասնական ենք ընկալում: Բայց երբ անկախ պետություններին միասնական միավոր համարելով՝ հայտարարություն է հնչեցնում երկրի բարձրագույն ղեկավարությունը, ընդ որում՝ Արցախի հարցը դեռ լուծված չէ, և զուգահեռաբար ջանքեր են թափվում Արցախը որպես առանձին միավոր բանակցային կողմ ներգրավելու համար, ինչ-որ հակասական պատկեր է ստացվում:

Նման իրավիճակում այսպիսի հայտարարություն միայն քաղաքականապես տկար մարդը կարող էր թույլ տալ իրեն: Հակառակ դեպքում հեղինակը պիտի պարզաբաներ, թե տողատակերում ի՞նչ է ցանկացել ասել: Ի դեպ, արցախահայությունն էլ շատ վատ է ընդունել այս արտահայտությունը, պարզապես իր վրդովմունքն արտահայտելու ձևեր չկան, որ տեսանելի լինի համայն հայերին:

Արցախը եղել է և կմնա երկրորդ հայկական հանրապետությունը, մինչև որ Արցախի հարցի միջազգային լուծումը կլինի: Դրանից հետո միայն համայն հայությունը քվորումով որոշում կկայացնի՝ ունենալ մեծ հայրենիք մեկ հայկական պետությունո՞վ, թե՞ երկու հայրենիք՝ երկու հանրապետությունով»:

Վիտալի Բալասանյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի տեսլականն առհասարակ հայտնի չէ:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մատուցվել Փաշինյանի կողմից՝ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտայի միջև վերջերս կայացած հանդիպումներին, որտեղ վարչապետը, իր խոսքով՝ ղարաբաղյան հարցի կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել, ու այն ընդունվել է բոլորի կողմից:

Հիշեցնենք, այն ժամանակ գեներալ- լեյտենանտ Վիտալի Բալասանյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ի պաշտոնե, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից աննախադեպ որակված ռազմաքաղաքական թևերի հանդիպումներին ասվում էր, թե բոլոր ներկաների համաձայնությունն է ստացել:

Վիտալի Բալասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կամ ներկա չի գտնվել այդ հանդիպմանը, կամ չի լսել վարչապետի ծրագիրը:

«Ճիշտը խոստովանենք՝ չկա այդպիսի ծրագիր, չի կարելի քաղաքական վարկանիշը բարձր պահելու համար նման միջոցների դիմել, իսկ եթե այդուհանդերձ գտնում են, որ կա տեսլական, լավ կլիներ, որ այն հրապարակվեր հանրության համար՝ այնքանով, որքանով թույլատրելի կլիներ դիվանագիտական տեսանկյունից, կամ վարչապետը գոնե մի ֆեյսբուքյան լայվով պատմեր այդ մասին»:

Նշենք, այդ հանդիպումները կայացել էին այն լարված ժամանակաշրջանում, երբ խոսվում էր հեղափոխական իշխանության կողմից հող հանձնելու միտումների մասին, և պարբերաբար Հայաստանի իշխանության կողմից թիրախավորվում էին ղարաբաղյան ազատամարտի որոշ հերոսներ, գեներալներ, երբ ընդհուպ ճնշումներով պաշտոնանկություններ եղան:

Հիշեցնենք, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ առաջին հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․amւմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ