168.am-ը գրում է․ «Այս ամառը եզակի է իր հրդեհներով: Խոսքը մոլորակով մեկ բոցավառվող հրդեհների մասին չէ: Վերջին օրերին մեր մայրաքաղաքում բռնկված հրդեհներն ահագին հետաքրքիր տնտեսական (ու ոչ միայն՝ տնտեսական) թեմաներ բացեցին:
Ճշտենք, որ խոսքը խոտածածկի հրդեհների մասին չէ, այլ տնտեսվարող սուբյեկտների: Ու սկսենք ոչ տնտեսական կարևոր բացահայտումներից: Արտակարգ իրավիճակների նախարարը հրդեհների մասին խոսելիս ակնարկեց, որ կոնկրետ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում պայթյունավտանգ իրավիճակ էր: Փաստորեն, քաղաքի կենտրոնում պահպանվում են աղետածին տարբեր քիմիական նյութեր (օրինակ՝ լաքեր), որոնց մասին հրդեհի օրերին իշխանությունները չէին խոսում՝ խուճապ չառաջացնելու «ազնիվ» մղումով:
Հիմա, հուսանք, կխոսեն, կքննարկեն ու պայթյունավտանգ նյութերն ավելի ապահով (կամ, եթե կուզեք՝ պակաս վնասաբեր) վայրերում կպահեն: Հիմա վերադառնանք հրդեհների տնտեսական բաղադրիչ-բացահայտումներին: Պարզ է, որ խոշոր պահեստ-պահուստարան-սառնարանների հրդեհների դեպքերի շուրջ միշտ էլ լեգենդար պատմություններ են ծնվում:
Մեր երկու հրդեհներն էլ առասպելածին պատմությունների օրինակներ են: Հրդեհից տուժած գործարարների ասուլիսը, մեղմ ասած, նպաստեց այդ առասպելների տարածմանը:
Նախ դիտարկենք, թե ովքեր էին ասուլիսի մասնակիցները: Առաջին գործարարը ներկայացնում էր «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ-ն, որ գրանցված է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղական համայնքում:
Ըստ գործարարի՝ «Ձյունիկ սառնարանը» գործարարներին հրապուրել է շուկայականից ցածր գներով: Այստեղ մեկ տոննա մսամթերքի պահպանման գինն օրական 256 դրամ է: Այն դեպքում, որ մյուս սառնարանները պահպանության համար 400 դրամ սակագին են առաջարկում: Գործարարը չպնդեց, բայց ասաց, որ իր տեղեկություններով՝ «Ձյունիկը» գրավադրված է 3.5 մլն դոլարի դիմաց:
Ասուլիսի մասնակից գործարարների հնչեցրած տվյալներով՝ այս սառնարանում հարյուրավոր տոննա միս ու մսամթերք էր պահվում: Ասվեց նաև, որ հրդեհից տուժել են 12 կազմակերպություններ: «Վստահե՞լ, թե՞ չվստահել գործարարների հնչեցրած տվյալներին» հարցը, ի վերջո, պարզ քաղաքացու համար անհատական խնդիր է: Բայց կոնկրետ մի ընկերության ներկայացուցիչ հրապարակեց, որ իրենց կազմակերպությունը սառնարանին ամսական 9 մլն դրամ է վճարել ծառայությունների դիմաց:
Ասողը մեր երկրի 1000 խոշոր հարկատուների պաշտոնական (Պետեկամուտների հրապարակած) 2019թ. առաջին եռամսյակի 55-րդ հարկատուին էր ներկայացնում՝ 1 մլրդ 655 մլն 345 հազար դրամ մուծած հարկերով:
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ-ն նոր տնտեսվարող չէ: 2018թ. 79-րդ հարկատուն էր՝ 1 մլրդ 870 մլն 651 հազար դրամ մուծած հարկերով: 2018թ. որպես 71-րդ հարկատու՝ մուծել է 2 մլրդ 411 մլն 840 հազար դրամ: Հարկային մուտքերի կառուցվածքից ակնհայտ է, որ այս ձեռնարկությունը ներմուծող է:
Քանի որ մուծած հարկերի մեծ մասը մուծում է սահմանին՝ որպես մաքսատուրք և ԱԱՀ (այս մուծումները 2019-ի պարագային մուծած հարկերի մոտ 96 տոկոսն են կազմում): Ըստ գործարարների՝ հրդեհից տուժել է 12 կազմակերպություն, և նրանք հույս ունեն, որ կառավարությունը կընդառաջի իրենց՝ վերադարձնելով չիրացված և հրդեհի հետևանքով անպիտան դարձած մսամթերքի դիմաց ավանսով գանձված մաքսատուրքերն ու ԱԱՀ-ն: Սա եզակի դեպք է, մեր իշխանությունները սովորաբար նման դեպքերում ոչ թե գումարն են վերադարձնում, այլ այն «մաշեցնելով»՝ մարում են հետագա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում:
Որքանով նման մոտեցումը կբավարարի գործարարներին՝ դժվար է ասել, որովհետև ասուլիսի ընթացքում նրանք շատ հաճախ հիշեցրեցին, որ վարկային պարտավորություններ ունեն բանկերին: Այս ու «Մալաթիա մոլի» «Վեգա» խանութ-սրահի հրդեհները կրկին առժամանակ խոսակցության թեմա դարձրին ապահովագրության խնդիրները: Կարծում եմ` կրկին անհետևանք:
Թե՛ բիզնես մշակույթի, թե՛ պետական տնտեսական քաղաքականության տեսանկյունից՝ ապահովագրության նկատմամբ նիհիլիստական վերաբերմունքը դեռ բավական տևական ժամանակ կպահպանվի: Այս երկու հրդեհների պարագային ապահովագրության մասին լեգենդներն էապես տարբեր են:
Իսկ հիմա հարկ է անդրադառնալ գործարարների խոսքի այն հատվածին, ուր նրանք կասկած հայտնեցին սառնարանի հրդեհի պատճառի մասին:
Կասկած հնչեցնողները կոնկրետ գործարարներ էին, ում ձեռնարկությունները կարելի է գտնել երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ես առաջարկում եմ այդ ցանկում փնտրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի հարկային մուծումները: Տեղյակ պահեք` եթե գտաք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը