«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», այսպիսի հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցերի Նախարար Ջարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին: Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին, ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:
Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի վերջո, նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին ուղարկեցինք գրավոր հարցեր, որին ի պատասխան՝ հաստատվեց մեր տեղեկությունը, որ Ստեփան Մաչյանը նախարարությունում երկու պաշտոն ունի, և նա նախարար Բաթոյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը