168.am-ը գրում է․ «Կարծում եմ՝ Մոսկվայի որոշումը պարզ է, այն նույնիսկ չի կարելի անվանել «քաղաքական»: Տարօրինակ կլիներ, եթե հակառակը՝ Ռուսաստանն արտահանձներ մի անձնավորության այն վերնախավից, որի հետ նա այդքան երկար և ավանդաբար գործ է ունեցել Հայաստանում: Այ, եթե արտահանձներ, ապա դա իսկապես քաղաքական որոշում կլիներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ խոսելով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ-ին հանձնելու՝ ՌԴ գլխավոր դատախազության մերժման մասին։
Դիտարկմանը, որ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը հրապարակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան այցից հետո, արդյոք կարո՞ղ է սա կապված լինել նման որոշման հետ, Վ.Դուբնովը չբացառեց, որ հնարավոր է, որ նրանք քննարկել են դա Պատրուշևի հետ, սակայն, ըստ նրա, առանց լրջորեն հույս ունենալու Պողոսյանի հանձնման մասին:
Թե ինչպե՞ս պետք է արձագանքի Երևանը Մոսկվայի կողմից այդպիսի «ընկերական» քայլին, քաղաքագետը պատասխանեց.
«Կարծում եմ, որ Մոսկվայի և Երևանի միջև անհատական շփումներով ամեն ինչ մոտավորապես համաձայնեցված է, և նրանք, ովքեր հասցրել են ապաստան ստանալ Ռուսաստանում, կմնան այնտեղ: Սա այն իրականության մի մասն է, որի հետ պետք է գործ ունենա Երևանը` երկիմաստ, ինչպես այն ամենը, ինչը վերաբերում է Մոսկվային»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը