17 08 2019

Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները․ «Հրապարակ»

Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարար էլ նշանակվեց տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը մասնագիտությամբ «այթիշնիկ» է։ Դրա համար էլ հատուկ նրա համար Նիկոլ Փաշինյանը բացեց IT ոլորտի հետ կապ ունեցող նախարարություն, որ իր թիմակիցը կոմֆորտով պաշտոնավարի։

Անցել է ավելի քան 2 ամիս, եւ մարդիկ չեն հասկանում՝ ո՞րն է այս նախարարության գոյության իմաստը, ստեղծել են, որ ի՞նչ անեն, որ Հակոբ Արշակյանի համար նախարարի աթո՞ռ ապահովեն, թե՞ ինչ-որ ռազմաքաղաքական նշանակության ծրագրեր են իրականացնելու։ Անգամ Արշակյանի թիմակիցներն են տարակուսած, թե արժե՞ր մեկ հոգու համար մի ամբողջ պարապ գործերի մինիստրություն բացել՝ բյուջեից հսկայական միջոցներ վատնելով։

Իսկ այն, իսկապես, պարապ գործերի մինիստրություն է, որտեղ նախարարից սկսած՝ զբաղված են «թիթեռ նկարելով»։ Իհարկե, դա չի խանգարում, որ Հակոբ Արշակյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ամեն անգամ նստի իր ծառայողական Toyota Avalon ավտոմեքենան, որը նրան ժառանգություն է մնացել տրանսպորտի նախկին նախարարներից, որոնք, ի դեպ, չէին օգտագործում այն՝ բավարարվելով իրենց անձնական մեքենաներով, եւ գա նույն լրջությամբ մասնակցի կառավարության նիստերին։ Իսկ թե ինչով է այս նախարարությունը նպաստում երկրում բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, հայտնի չէ։ Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրություններից, համենայնդեպս, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նշույլ չի նշմարվում՝ անում են նույնը, ինչ նախկինում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր անում, ո՛չ ավելին։

Ահավասիկ, երեկ մի հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։

Նայում ենք նախարարության կայքում զետեղված մյուս հաղորդագրությունները, եւ միայն վերնագրերից կարելի է եզրակացնել, թե ինչ գույնի եւ չափի «թիթեռ են նկարում» այս նախարարությունում։ «Փորձառու ձեռնարկատերերը ստարտափների հետ կիսվել են իրենց փորձով», «Երեւանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները», Հակոբ Արշակյանը «Սեւան Ստարտափ-Սամիթ 2019»-ին ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ եւ այսպես շարունակ։ Միակ քիչ թե շատ «գործառնական» հաղորդագրությունն այն էր, որ տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր։ Այսինքն՝ նախարարությունը կանաչ լույս է վառել տեխնոլոգիական մի շարք ընկերությունների գործունեության համար։ Բայց այս ամենը կարող էին նաեւ նախորդ նախարարության կազմում իրականացնել։ Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ հեղափոխական գործառույթ պետք է իրականացնի նոր անվանումով նախարարությունը, որը չէր իրականացնում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարությունը։

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այնքան բան չունի անելու կամ ասելու, որ գերատեսչության լրատվականը ստիպված նախարարի հրավիրած գործակարգավարական խորհրդակցության՝ դիսպետչերականների անցկացման մասին է հաղորդագրություններ տարածում, թե խորհրդակցության ընթացքում նախարարը տվել է կարեւոր հանձնարարականներ։ Տարիներ շարունակ տարբեր նախարարություններում նախարարները հրավիրել են դիսպետչերականներ, որոնց ընթացքում տրվել են կարեւոր հանձնարարականներ, բայց դրանց մասին հաղորդագրություններ երբեւէ չեն տարածել, չեն փորձել դա ներկայացնել որպես իրենց կատարած աշխատանք։ Իհարկե, «աշխատանքի» նույն ոճը նկատվում էր նաեւ Հակոբ Արշակյանի՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար եղած ժամանակ, պարզապես այնտեղ ոլորտն այնպիսին էր, որ որքան էլ չուզենայիր գործ անել կամ որքան էլ չհասկանայիր ոլորտից, միեւնույն է, որոշ պարտադրված ֆունկցիաներ իրականացնելու էիր։ Ուստի, վերջում նաեւ որոշակի արդյունք կկարողանայիր ցույց տալ՝ զուտ վիճակագրության համար։ Իսկ այստեղ լրիվ անհասկանալի է, թե մեկ տարի անց, օրինակ, մենք ինչ արդյունք կունենանք Հայաստանում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության զարգացման առումով, այնպիսի արդյունք, որը համարենք բացառապես նորաստեղծ այս նախարարության շնորհքը։

Այս ամենով հանդերձ՝ Հակոբ Արշակյանը շատ է սիրում նախարարի կարգավիճակում ճամփորդել, այն էլ՝ էկզոտիկ եւ տպավորիչ երկրներում։ Դե, բյուջեի հաշվին պաշտոնական պատվիրակությամբ գործուղումների մեկնելը վատ գործ չէ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ ուղարկել են Հակոբ Արշակյանի գործուղումներն այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում, որի մի մասը նա անցկացրել է տրանսպորտի նախարարի կարգավիճակում, մյուսը՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության։Օրինակ՝ հունվարին նախարարը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը համարենք, որ տրամաբանական է՝ վարչապետի հետ մեկնել է որպես տրանսպորտի նախարար։ Փետրվարին մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու ինչ-որ համաժողովի, անմիջապես հետո մեկնել է Իրան՝ հարեւան երկրի հետ համագործակցությունը խորացնելու։ Թե որքանով է խորացել հայ-իրանական համագործակցությունը, ասենք՝ տրանսպորտի ոլորտում՝ նախարարի այցի արդյունքում, հայտնի չէ, արդյունքների մասին որեւէ խոսք չկա։Դրանից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, Հակոբ Արշակյանը մեկնել է Ռուսաստան, ապա՝ Շվեյցարիա, հետո՝ Չինաստան՝ մասնակցելու ինչ-որ նիստերի, այնուհետ՝ Փարիզ, ցուցահանդեսի մասնակցելու։ Նույն՝ մայիս ամսին նա հասցրել է մեկնել նաեւ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ ինչ-որ նախարարական միջոցառման։Մայիսի 28-ից մինչեւ հունիսի 4-ն էլ Արշակյանն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ փորձել է ընդլայնել հայ-ամերիկյան համագործակցությունը տեղեկատվական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Ամերիկայից վերադառնալուց 2-3 օր անց էլ մեկնել է Վիետնամ եւ Սինգապուր՝ հավանաբար վայելելու սինգապուրյան հրաշքն ու ճաշակելու վիետնամական խոհանոցի բարիքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ