08 08 2019

Փաշինյանը փորձում է Արցախում անկայունություն ստեղծել․ կարծիք․ 168.am

Փաշինյանը փորձում է Արցախում անկայունություն ստեղծել․ կարծիք․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդես եկավ բավականին ընդարձակ ելույթով, որն ըստ էության սկսեց  «Միացում», «Արցախը Հայաստան է, և վերջ»  ձևակերպումներով, որոնք այս օրերին լայնորեն քննարկվում են մեր մամուլում: Ինչպե՞ս եք գնահատում ելույթը  և, մասնավորապես, այս ձևակերպումները:

– Երեք գնահատական տամ այդ ելույթին: Առաջին գնահատականը՝ անսահման պոպուլիզմ՝ ամբոխահաճություն, երկրորդ՝ բացարձակ անպատասխանատվություն, երրորդ՝ նոր վտանգներ Արցախի համար:

Չեմ ուզում անդրադառնալ նույնիսկ, թե ինչ նվաճումներ պետք է տեղի ունենան 2050 թվականին, դա իլֆպետրովյան ժանրից է, այդտեղ քաղաքագիտական որևէ բովանդակություն չեմ տեսնում: Հիշեք, թե ինչ էր ասում մոտ մեկ տարի առաջ՝ անցյալ տարի մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ դառնալուց հետո Ստեփանակերտ այցի ժամանակ, հետո ինչ էր ասում և այս ելույթում ինչ էր ասում, խիստ հակասող բաներ ասաց Փաշինյանը:

Նախ ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման իրավունքն է լինելու առաջնահերթ, բայց դրանից հետո անում է այն հայտարարությունը, որը նշեցիք, և որը բացարձակ պոպուլիզմ է: Դա և Արցախի ինքնորոշման իրավունք թեզերը խորը հակասության մեջ են մտնում:

Պատահական չէ, որ Ադրբեջանից այդքան աղմուկ բարձրացավ իշխանական մակարդակով, լրատվական մակարդակով, պահանջներ հնչեցին անհապաղ պատերազմ սկսելու: Պատճառն այն է, որ Ալիևի, եռանախագահողների հետ հանդիպելիս՝ նա մի բան է ասում, ՀՀ-ում՝ մեկ այլ բան, Արցախում՝ մեկ ուրիշ:

Կոնկրետ օրինակ. բազմիցս Փաշինյանը հրապարակել է այն անհեթեթ թեզը, որ Արցախյան հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կամ հասարակությունների համար: Արցախում այդ բանը նա չասաց:

Արցախում նա ասաց՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների և ժողովուրդների համար: Սա նույնպես ուղղակի հարվածում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ի՞նչ գործ ունի Հայաստանը: Նա մեկ տարուց ավելի բանակցում է, և եռանախագահողների որևէ հայտարարության մեջ նույնիսկ ակնարկ չկա, որ նման հարցեր բարձրացվում են:

Մյուս մտահոգիչ հանգամանքն այն էր, երբ նա հայտարարեց, թե որևէ մեկը թող չկասկածի, որ մենք բանակցային գործընթացում ինչ-որ զիջումներ ենք անելու: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ոչ թե կասկածում եմ, այլ ուղակիորեն հայտարարել եմ, որ արդեն ոչ թե անելու է, այլ արել է:

Հիշո՞ւմ եք՝ նա հայտարարեց, որ մենք բանակցությունները սկսելու ենք ոչ թե նախորդ իշխանությունների թողած կետից, այլ մեր կետից: Այդ կետը բխում է Ադրբեջանի շահերից, և ողջ բանակցային գործընթացն է այդպես գնում: Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ արձագանքին Ադրբեջանի կոշտ հայտարարության վերաբերյալ, ասեմ, որ, հավանաբար, ԱԳՆ-ն մոռացել է, որ ՀՀ ԱԳ նախարարն աշնանը հերթական հանդիպումից հետո հայտարարել էր,  թե ինքը ոգևորված է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի, եռանախագահողների հետ համաձայնեցրին հայտարարություն, որն ամբողջապես, կրկնում եմ, Ադրբեջանի շահերից էր բխում:

Փաշինյանն արեց նաև շատ վտանգավոր հայտարարություն՝ խոսելով Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների մասին: Նա ասաց, որ ՀՀ-ն է Արցախում ազատ և արդար ընտրությունների երաշխավորը: Սա հարված էր Արցախի սուվերենությանը, սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը, այսինքն՝ Փաշինյանը, պետք է ընդունի ընտրությունների արդյունքները:

Շատ վտանգավոր հայտարարություն է: Ընդհանուր առմամբ, այս պոպուլիզմն Արցախի հարցում ոչ պակաս վտանգավոր է, քան Ադրբեջանի քաղաքականությունը:

– Ի՞նչ եք կարծում՝ «Միացման» կոչին անդրադարձն ի՞նչ հետևանքներ կունենա բանակցային գործընթացի վրա, որովհետև մեկնաբանություններ են հնչում, որ սա կարող է մինչև անգամ խզել բանակցային գործընթացը:

– Ադրբեջանին ինքն արդեն բազմաթիվ  փաստարկներ է տվել, որոնց մասին ժամանակին հրապարակայնորեն խոսել եմ, որոնց շնորհիվ Ադրբեջանը կարող է միջազգային հանրության առաջ արդարացնել իր հարձակողական գործողությունները: Բանակցային գործընթացում Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ երբեք չի եղել, երբ եռանախագահողները և Ադրբեջանը մի դիրքորոշում ունեն, իսկ ապակառուցողականը դարձել է Հայաստանը: Ամեն ինչ եկել է այդ օրակարգը փոխելուց:

Գիտեք՝ ես այդ ելույթից առաջ հարցազրույց էի տվել և նշել էի այն կետերը, որոնք պարտադիր պետք է ասվեին այդ ելույթում, որոնք ուղղված կլինեին ռացիոնալ դաշտ բանակցային գործընթացում վերադառնալուն, ինչպես նաև, երբ հայտարարվում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս, դա Արցախի  ինքնորոշման իրավունքի պաշտպանություն է: Երբ ասվում է. «Արցախը Հայաստան է, և վերջ», հարվածում է Արցախի ինքնորոշմանը՝ լինելով ամբողջովին պոպուլիզմ:

Ցավոք սրտի, մամուլում քիչ է քննարկվում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթը, դա լուրջ ելույթ էր, մեծ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ էր՝ ի տարբերություն Փաշինյանի ելույթի, որում քաղաքական բովանդակությունն իսպառ բացակայում էր: Հստակ ծրագիր էր նշվում Բակո Սահակյանի ելույթում:

Նախ գնահատական տրվեց 1988 թվականի շարժմանը, ասվեց այն հստակ բանաձևը, որը բազմիցս ասվել է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, հետո արդեն միացման հարց կարող է դրվել:

Ըստ էության Փաշինյանը հակասեց նաև Արցախի նախագահին:

Քաղաքական առումով Սահակյանի ելույթը դաս էր Փաշինյանին, որից նա հետևություն, կարծում եմ, չի անի, և հետո, ուզում եմ հիշեցնել, որ, ինչպես բանակցել են, այնպես էլ շարունակելու են բանակցել: Այսինքն՝ այն օրակարգով, այն քննարկումներով, որոնք ամբողջապես ձեռնտու են Ադրբեջանին: Սա, իհարկե, նոր վտանգներ է ստեղծում թե՛ ռազմական, թե՛ բանակցային գործընթացի առումով:

Ուրիշ հարց էլ կար այդ ելույթում: Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին: Եթե օտարերկրյա գործակալներ է փնտրում, թող նայի իր մերձակա շրջապատում այն ուժերին, որոնք նպաստել են անցյալ տարվա ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթմանը:

Ավելին ասեմ, այդ ուժերից մեկի ներկայացուցիչը՝ արտասահմանյան կազմակերպության  հայաստանյան գրասենյակի ղեկավարը, հայտարարեց, որ իրենք ամբողջովին աջակցել ու օժանդակել են իշխանափոխությանը և, այսպես կոչված, հեղափոխությանը: Սա լուրջ իրավական խնդիր է: Այնպես որ, այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող:

– Ըստ Ձեզ՝ այդ պոպուլիզմի նպատակը ո՞րն էր:

– Այդ պոպուլիզմի նպատակն էր՝ ցույց տալ, որ ընտրությունների արդյունքն ինքը պետք է ճանաչի, ինչն ուղղակի միջամտություն էր Արցախի ներքին գործերին: Ես տեսնում եմ, որ ինքը շարունակում է առաջին օրվանից իր որդեգրած քաղաքականությունը, այսպես կոչված, հեղափոխության արտահանումն Արցախի Հանրապետություն, որը շատ վտանգավոր է, և ոչ միայն՝ Արցախի Հանրապետության, այլև՝ ՀՀ-ի համար:

– Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ այս դիրքորոշումը, Արցախի իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով՝ հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան, և ինչպիսի՞ իրավիճակ կլինի:

– Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լինի լուրջ համագործակցություն, լինի վստահություն, բայց Փաշինյանն ինքն է սկսել հարձակումն Արցախի իշխանությունների վրա, քաղաքական այն խմբի վրա, որոնք մեծագույն վաստակ ունեն Արցախի անվտանգության հարցում և պատերազմում, թե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին, որոնք մեր պատմության հերոսական օրերից էին:

Տեսնելով, որ ուղղակի հարձակումից ոչինչ չստացվեց, փորձել է, այսպես ասած, խորամանկություն բանեցնել, բայց ակնհայտ է, որ ինքն ունենալու է իր նախընտրած թեկնածուն առաջիկա ընտրություններում:

Ավելին չծավալվեմ, եթե ելույթն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ով է իր նախընտրած թեկնածուն: Սա ուղղակի միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին քաղաքականությանը, փորձում է այնտեղ անկայունություն ստեղծել տարբեր մարդկանց միջոցով, և սա ուղղակի հարվածում է Արցախի Հանրապետության սուվերենությանն ու ինքնորոշման իրավունքին:

– Վերջերս նկատում ենք լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ Ձեզ՝ այս ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս  կանդրադառնան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա, քանի որ ընտրություններին ընդառաջ գործընթացներն ավելի են խտանալու:

– Կարճ պատասխանեմ այս հարցին՝ ցավոք սրտի, վստահ եմ, որ լինելու են նոր զարգացումներ մինչև Արցախի նախագահական ընտրությունները: Այդ զարգացումներն  էապես փոխելու են թե Հայաստանի, թե Արցախի ներքաղաքական վիճակը, եթե չփոխվի տարածաշրջանի իրավիճակն ընդհանրապես:

– Դուք անդրադարձաք այդ թեմային, ուզում եմ խոսենք 2050 թվականի ռազմավարական ծրագրերի մասին: Դրանք որքանո՞վ են հիմնված լուրջ հաշվարկների վրա: Կան փորձագետներ, որոնք նշում են, թե երկիրը պետք է ունենա նման երկարաժամկետ ծրագրեր, Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Դա բացարձակ անսանձ պոպուլիզմ էր, որովհետև այդտեղ ծրագիր չկար:

– Բնակչության թվի ավելացում…

– Այդ թվերը կարելի էր կրկնապատկել, եռապատկել, երբ որևէ մեխանիզմ չի տրվում, թե ինչպես կարելի է դրան հասնել քայլ առ քայլ: Նա 3050 թվականի մասին կարող էր խոսել, դա բացարձակ անլրջություն է ու անպատասխանատվություն: Նույնիսկ ելույթի այդ նյուվասյուկյան հատվածում ոչինչ չասաց այն մասին, թե ինչ կարգավիճակ է ունենալու Արցախը 2050 թվականին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ