01 08 2019

Որքա՞ն աշխատավարձ են ստանում բժիշկները և բուժանձնակազմը․ «Փաստ»

Որքա՞ն աշխատավարձ են ստանում բժիշկները և բուժանձնակազմը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ տարբեր բնագավառների աշխատակիցների աշխատավարձերին: Խոսքը հատկապես ռիսկային ոլորտներին է վերաբերում, ուր աշխատավարձերը, մեղմ ասած, անբավարար են:

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են բժշկական հաստատությունների աշխատակիցները: Առողջապահության նախարարությանն ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել, թե 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների բժիշկների, բուժքույրերի, մաքրություն իրականացնող անձանց նվազագույն եւ միջին աշխատավարձը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի ձեւավորման ընդհանուր սկզբունքները եւ կողմնորոշիչ չափաքանակները սահմանվում են՝ համաձայն եւ՛ առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի N 2108-Ա, եւ՛ առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանների։

«Ըստ կառավարության 2019 թվականի բյուջետային ուղերձի՝ բժիշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ, բուժքույրինը՝ 120 հազար դրամ, իսկ կրտսեր բուժանձնակազմինը՝ 100 հազար դրամ»,-փոխանցում են նախարարությունից:

Հարցրել էինք՝ վերջին անգամ ե՞րբ է բարձրացել նրանց աշխատավարձը եւ որքա՞ն։ «Արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 2019 թվականի փետրվարին՝ համաձայն առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 4-ի N 259-Ա հրամանի, իսկ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բուժանձնակազմի վարձատրության բարձրացման հիմք է հանդիսանում առողջապահության նախարարի 2019 թվականի հուլիսի 4-ի 1842-Ա հրամանով սահմանված բժշկական ծառայությունների գների եւ նորմատիվների բարձրացումը։

Վերջինս ուղղակիորեն կանդրադառնա աշխատավարձերի բարձրացման վրա, քանի որ աշխատավարձը հաշվարկվում է բժշկական ծառայության գնի նկատմամբ կիրառված տոկոսով»,-ի պատասխան մեր հարցի՝ հայտնում են առողջապահության նախարարությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ