«Իրավունք»-ը գրում է․ «Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանական վերնախավի համար։ Աղբյուրը տեղեկացրել է, որ իշխանական վերնախավը եւ անձամբ Փաշինյանը բավականին հստակ հասկացել են, որ քաղաքական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սանիթեքը», լինելով միջազգային կազմակերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ իր այդ քայլը բացատրի, թե մտավախություն ունի, ընկերության ղեկավարությունը կարող է հետապնդումների ենթարկվել, ապա Հայաստանն անմիջապես պետք է վերջնականապես մոռանա ոչ միայն օտարերկրյա ներդրումների մասին, այլ միանգամից ձեռք կբերի ոչ միայն ներդրողներին, այլ ամեն մի այլախոհություն հետապնդողի վարկանիշ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։
Արդյունքում, ըստ աղբյուրի, անմիջապես շփումներ են սկսվել ընկերության ղեկավարության հետ, տրվել են բազմաթիվ խոստումներ, թե ասուլիսը Երեւանում արեք, որեւէ խնդիր չի լինի։ Սակայն ընկերությունը նաեւ իրեն իրավունք է վերապահել, որ կասեն այն ամենը, ինչը ցանկանում էին ասել։ Ընդ որում, Թբիլիսիում ասուլիսը չեղարկելով եւ այն Երեւանում անցկացնելու մասին հայտարարությունում ընկերությունը նաեւ ֆիքսեց.
«Չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։ Այսինքն, որ անձնական անվտանգության առումով մտավախություններ եղել են եւ պահպանվում են։
Ավելին, աղբյուրը նաեւ փոխանցեց, որ այդ փաստն ընկերությունը հատուկ է շեշտել, որպես երաշխիք, որ հետապնդումներ իրոք չեն լինի։
Այսինքն, նման հայտարարությունից հետո հետապնդումների դեպքում միանգամից հայաստանյան իշխանական վերնախավը կհայտնվի աշխարհով մեկ «իզգոյի» կարգավիճակում։Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ «Սանիթեքի» հետ ամենավերին մակարդակով շփումները դեռ շարունակվում են նպատակ հետապնդելով գտնել ինչ-որ միջոցներ, որոնք ընկերությունը կհամարի բավարար եւ մայրաքաղաքի աղբահանության մասին ողջ իրական պատկերը չի հանի ջրի երես։ Կգտնվե՞ն նման լուծումներ, դա կերեւա ուրբաթ օրը տեղափոխված ընկերության ասուլիսից։
Ընդ որում, կան կցկտուր խոսակցություններ, որ խնդիրն արդեն ամենեւին էլ միայն ֆինանսական հարթությունում չէ։ Այսինքն, որ «Սանիթեքը» պարզապես հրաժարվում է գործ ունենալ քաղաքապետ Հայկոյի հետ։ Ավելին, նույն լուրերը տեղեկացնում են նաեւ, որ իշխանական վերնախավում եւս թբիլիսյան չկայացած ասուլիսի եւ դրա քաղաքական հետեւանքների պատճառով Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության։ Սակայն հաշվարկում են, որ այս պահին նրանից հրաժարվելը եւս կունենա ծայրահեղ ծանր քաղաքական հետեւանքներ, ու լուծում չի գտնվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը