27 07 2019

ԱԺ նախագահը բյուջեի հաշվին շքեղ նորոգել է իր կառավարական ամառանոցը. «Հրապարակ»

ԱԺ նախագահը բյուջեի հաշվին շքեղ նորոգել է իր կառավարական ամառանոցը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 15-ից ԱԺ նախա­գահ Արարատ Միրզոյանն ընտանյոք հանդերձ տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Ինչպես ասում են՝ նրանք Էլ վերջնականապես հա­մալրեցին ազնվականների ու էլիտարների շարքերը։ Բայց որպեսզի ԱԺ խոսնակն ու իր ընտանիքն իրենց ռեզիդենցիայում ապրեն բարձրաշխարհիկներին վայել թա­գավորական պայմաններում, դրա համար մի քանի ամիս շարունակ վերանորոգում էին նրանց բնակարանը։

Բնականաբար՝ պետբյուջեի հաշվին, քանզի հեղափոխությունից առաջ ՔՊ ներկայացուցիչներից մեկի հարցումին պատասխանելիս Միրզոյանն ասել էր՝ ոչ մի տեղ չեմ աշխա­տում, ուստի անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող սեփական գրպա­նից գումար հատկացնել ամենահասարակ կոսմետիկ վերանորոգման համար անգամ, ինչպես արել է, օրի­նակ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ սեփական միջոցներով նորոգելով իրեն հատկացված առանձնատունը։ Իշխանական աղբյուրները մեզ հաղորդեցին, որ Արարատ Միրզոյանն իր բնակարանի նորոգման վրա խոշոր՝ «աստղաբաշխական թվերի» հասնող գումար է ծախսել։

Որպեսզի պարզեինք, թե որքա­նով է այդ տեղեկությունը հավաստի, գուցե հորինված է Միրզոյանի թշնա­միների կողմից, դիմեցինք Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սավգուլյանին՝ ճշտելու, թե պետբյուջեից որքան գումար է ծախսվել Միրզոյանին հատկացված առանձնա­տան նորոգման վրա։ Սավգուլյանը, սակայն, թիվ չասաց՝ հպարտորեն հայտարարեց, որ դա համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որը չի կարող հրապարակել։ Ասաց, որ դա ամրագրված է «Գնումների մասին» օրենքով։ Կարճ ասած՝ կառավարությունը գաղտնի է պահում ԱԺ նախագահի տան նո­րոգման ծախսերը, որը հոգում ենք մենք՝ հարկատուներս՝ հղում անելով «Գնումների մասին» օրենքին։

Այդ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հա­տուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստա­նի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախա­տեսված՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կե­ցության, սննդի եւ տրանսպորտա­յին սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկա­յի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»։ 

Այս օրենսդրական փոփո­խությունն արվեց 2015 թվականի դեկտեմբերին՝ նոր իշխանություննե­րի կողմից խորապես մերժված նախ­կին իշխանությունների օրոք։ Եվ այն ժամանակ այսօրվա իշխանավորնե­րը, որ ընդդիմադիրի կարգավիճակ ունեին, կուրծք էին ծեծում, թե ինչու է կառավարությունն ուզում գաղտնի պահել այդ կարեւորագույն տեղեկությունները, ինչու թափանցիկ ու բաց չի աշխատում, չի տեղեկացնում հանրությանը, թե բարձրաստի­ճանների վրա պետբյուջեից ինչ են ծախսում, ինչքան։ Այդ օրենսդրա­կան փոփոխությունն այն ժամանակ պետական դավաճանությանը համա­զոր քայլ դիտվեց՝ դավադրություն սեփական ժողովրդի հանդեպ։ Բազում հրապարակումներ եղան, ապարդյուն՝ իշխանությունն այդ փո­փոխությունն անցկացրեց։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ