ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել, համալսարան 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին։ Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից գումար եւ դատի տվել համալսարանին՝ աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից։
Հունիսին, երբ Գեղամ Գեւորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը՝ ԵՊՀ անճշտությունների պատճառով, Գ. Գեւորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, եւ հիմա, փաստացի, դատարանում եւ պատասխանողը, եւ հայցվորը֊ ինքն է։ «Գեղամ Գեւորգյանը երեւի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնար Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել եւ համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող, գումար»,– ասաց ԵՊՀ մեր աղբյուրը։
Գեղամ Գեւորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին ԵՊՀ-ից ասացին, որ նա արձակուրդում է՝ մեկնել է Իսպանիա, ինչի իրավունքը ի դեպ, չունի, քանի որ ընդամենը երկու ամիս է ռեկտորի պաշտոնակատար, եւ աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել։ ԵՊՀ մամլո խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը հաստատեց, որ Գ. Գեւորգյանն արձակուրդում է։ Իսկ նա իրավունք ունե՞ր արձակուրդ գնալու։ Ասաց. «Նա պրոֆեսոր է եւ օգտվել է իր 35 աշխատանքային օրվա արձակուրդից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը