«Փաստ»-ը գրում է․ ««Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, որոնք վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում էին, ավելին՝ դարձել էին լուրջ քննարկումների առարկա: Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս նիստում մի շարք առանցքային հարցեր և կարևոր շեշտադրումներ արվեցին: Նիստի սկզբին կառավարության ներկայացուցիչներն անդրադարձան Սևանի «ծաղկման» խնդրին և խոսեցին ստեղծված վիճակի հանգուցալուծման և լիճը ճգնաժամային վիճակից դուրս բերելու խնդիրների մասին, եղան համապատասխան հանձնարարականներ:
Հարկ է նշել, որ պարբերաբար պատկան մարմինները հայտարարում էին, որ Սևանը շատ կարևոր դեր ունի, և մենք պետք է Սևանա լճի մակարդակը բարձրացնենք, սակայն իրականում կանխվել է լճի մակարդակի բարձրացումը, ինչը լուրջ բնապահպանական ռազմավարական սխալ է, ինչպես շեշտում են նաև մասնագետները: Վերջին տարիներին եղել են նպաստավոր պայմաններ լճի մակարդակը բարձրացնելու համար, եթե թույլ տային, ապա մենք կունենայինք շատ ավելի լավ իրավիճակ Սևանում: Հիմա արդեն, երբ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, խնդրի մասին սկսել են խոսել բոլորը: Նիստում քննարկված հարցերի շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացված ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկային զոհերի փաստին: Ոստիկանապետի զեկույցից պարզ դարձավ, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 19-ով ավել զոհեր ունենք: Մեքենաների խնդրի մասին խոսելիս առանձին անդրադարձ եղավ նախորդ շաբաթ Արարատի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասներին, որի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ահա այս դեպքն էլ առիթ հանդիսացավ կառավարությունում ավտոմեքենաների հարցի շուրջ խորքային քննարկման…
Իրականում, ինչպես հաճախ նախկինում, անցած մեկ տարում նույնպես անընդհատ տեսնում ենք, որ բազմաթիվ հանձնարարականներ ու որոշումներ մնացել են զուտ թղթի վրա, այսպես ասած՝ դրանք տրվել են տեսախցիկների համար, որպես հանրության աչքին որոշակի «թոզփչոցին» լինի և շատկարևոր է, որ այս առանցքային նշանակության հարցերը շատ արագ կյանքի կոչվեն:
Այսքանից հետո մնում է արվեն համապատասխան ճիշտ եզրակացություններ և խնդիրներին ժամանակին լուծումներ տրվեն, այլապես, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում, «ջուրը հասնում է կամրջի բերանին», նոր միայն այդ պահին սկսում ենք փնտրել տարբեր իրավիճակային որոշումներ: Կարևորն այն է, որ հանրությունը ոչ թե ջուրծեծոցիներ, այլ իսկական՝ բովանդակային ու կառուցողական աշխատանք տեսնի, այլապես լոլոների ու բոլոլաների պակաս երբեք էլ չի եղել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը