«Փաստ»-ը գրում է․ «Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում, խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ մտորումներն սկսվել էին դեռևս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաև մի շարք ՀԷԿ-երի շինթույլտվությունների հետ կապված հարցերում:
Ներկայումս, Սևանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության և մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ սրա մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաև ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները: Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺ-ում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը