09 07 2019

Իշխանությունների շահարկման հերթական թիրախը․ «168 Ժամ»

Իշխանությունների շահարկման հերթական թիրախը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Հայ իրականության և պատմության մեջ հաճախ ենք հանդիպում մասնատվածության և երկատվածության օրինակների, երբ հաճախ երկրի և պետականության համար առանցքային իրավիճակներում սկսել ենք փնտրել արհեստական ներքին թշնամինների ու դավաճանների։

Մենք՝ հայերս, ազգային մի յուրատեսակ բնութագիր ունենք՝ սիրում ենք ստեղծել համազգային լուրջ խնդիրներ, այնուհետև սկսում ենք դրանք «քաջաբար» հաղթահարել։ Դժվար է ասել՝ դա հոգեբանական առանձնահատուկ հոգեկերտվա՞ծք է, թե՞ զուտ գենետիկ սինդրոմ։

Ներկայումս հանրային ընդհանուր դիմագծին նայելիս ականատես ենք լինում հետևյալին․ հասարակությունը բաժանված է «սևերի ու սպիտակների», «թավշյա հեղափոխականների» ու «հակահեղափոխական դիշովկաների»՝ «ազգային գործող իշխանության և հակազգային նախկինների»։ Այս ֆոնին գումարվում են նաև Արցախի շուրջ թնջուկի հետ համակցվող մի շարք առանցքային դետալներ, մասնավորապես՝ ապրիլյան պատերազմում պարտվողական գաղափարի արհեստական ներդրում և հնարավոր բոլոր տարբերակով այդ պատերազմի ձեռքբերումն այս կան այն կերպ պիտակավորելով՝ դարձնելով օրակարգային քաղաքական շահարկումների առարկա։

Վերջին օրերին մի զարմանալի հանգամանքի ենք հանդիպում․ գործող իշխանությունները «կազմակերպված» քննադատության թիրախ են դարձրել ապրիլյան քառօրյայի առանձին դրվագներ՝ դրանց մեջ դիտարկելով հատվածական դավադրապաշտական տեսություններ, և փորձում են ամեն մանրունքում փնտրել մեղավորների։ Բարոյական նորմերի սահմանն անցել է այն աստիճանի, որ ապրիլյանի թիրախավորման գործընթացին «կցել» են նաև պատերազմի զոհերի ծնողներին, ովքեր, լինելով բավականին էմոցիոնալ և հուզական հոգեվիճակում, բավականին կոշտ որակումներ են հնչեցնում այդ օրերին իշխանությունների և բանակի հրամկազմի հասցեին։

Մարդկության պատմությունը շատ է տեսել պատերազմներ ու հազարավոր ճակատամարտեր, որոնք, բնականաբար, հաղթել են զինվորի միջոցով, սակայն անտրամաբանական է, երբ պատերազմի մասին խոսելով՝ չի կարևորվում հրամանատարության կատարած ահռելի աշխատանքը։ Քանիցս են տարբեր առիթներով շատ ծնողներ ու քաղաքական շահադիտական նպատակներ ունեցող անձինք անվանարկել բանակի հրամանատարությանը՝ իբր թե ապրիլյան այդ օրերին անգործության կամ ուղղակի իրավիճակին չտիրապետելու մասին բարձրագոչ հայտարարություններ հնչեցնելով։

Բավականին զարմանալի ու անբացատրելի է, որ գործող իշխանությունները մի յուրահատուկ տակտիկայով քաղաքական շահարկումներ են անում՝ առաջնային դերակատարություն տալով զոհվածների գործոնին, և ապրիլյանը բնավ առաջին դեպքը չէ․ տարիներ շարունակ քաղաքական շահարկումների ու բանավեճի առիթ է հանդիսացել նաև Մարտի 1-ի զոհերի արյան հանգամանքը, այն տարիներ ի վեր լուրջ «քաղաքական գործոն» էր։ Ահա այս ենթատեքստում «տրամաբանված» է փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրերս հնչեցրած այն միտքը, որ «Հայաստանն ապրիլյան պատերազմում պարտվել է»։ Այն փաստը, որ անմեղ զոհերին ու նրանց թափված արյունը դարձվում է «քաղաքական առանցք»՝ քաղաքական անբարոյականությունից բացի, այլ բնորոշում չի կարող ուեննալ։

Որքա՞ն կարելի է մարդկանց նուրբ ու զգայուն թելերի վրա խաղալով՝ ստեղծել հանրային աջակցության մթնոլորտ կամ ուղղակի ամբոխահաճո հայտարարություններ անել։

Վերոնշյալից վստահաբար կարող ենք եզրակացնել, որ նման պարտվողական գաղափարներ կրող քաղաքական ուժը չի կարող հաջողել, քանի որ ակնհայտ է, որ նրանց մոտ հեգեմոն է պարտվողի ու թույլի հոգեվիճակը։

Մի քանի կարևոր ու առանցքային փաստ ևս. անհասկանալի է, որ ապրիլյան պատերազմի մասին նման վերաբերմունք ունեցող Փաշինյանը ՀՀ Պաշտպանության նախարար է նշանակել Դավիթ Տոնոյանին, ով ապրիլյան պատերազմի օրերին Պնախարարի առաջին տեղակալն էր և ոլորտի առանցքային պատասխանատուներից մեկը։ Տոնոյանը, բնականաբար, լինելով կադրային գեներալ և ոլորտում կայացած անհատ, փայլուն պատկերացնում է և տիրապետում է գործընթացի ամենանեղ դետալներին, սակայն անբացատրելի է, թե տվյալ պարագայում իշխանություններն ինչո՞ւ են շարունակում նման հակաազգային գործելաոճը։

Այս ընդհանուր գործընթացում, որքան էլ զարմանալի է, խոսելով, իրենց բնորոշմամբ, ապրիլյանի «ձախողումների» մասին, Նիկոլ Փաշինյանն ու իր «համհարզները», չգիտես ինչու, մոռանում են մի շատ առանցքային դրվագ ևս։ Ապրիլյանի օրերին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Մովսես Հակոբյանն էր, ում մասին, չգիտես ինչու, շատ կասկածելի հանգամանքներով, բոլորը լռում են, ավելին՝ տեղեկություններ կան, որ գործող իշխանությունների «սիրելի» գեներալին Փաշինյանը պատրաստվում է սատարել Արցախում սպասվող առաջիկա նախագահական ընտրություններում։ Ստացվում է, որ իշխանությունների առաջ քաշած մեղադրանքներն ու կասկածելի պահվածքը վերաբերում է բոլորին, բայց ոչ՝ Հակոբյանին։

Ամփոփելով՝ հիշենք մի կարևոր ու ուսուցողական աֆորիզմ՝ առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում՝ լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում՝ գործնականում լինել արդարացի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ