«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր Հայաստանի կառավարիչների ամենասիրած, կիրառելի աշխատանքային գործիքը «լայվն» է։ Բայց այն ունի մի սկզբունքային սահմանափակում։ «Լայվով» կա՛մ ուղղակի խոսում են, կա՛մ հայտնում միայն լավ նորություններ։ «Լայվի» ժանրը չի նախատեսում ոչ միայն վատ, այլեւ նույնիսկ դժվար, մտորումների տեղիք տվող տեղեկատվություն։Օրինակ, պատկերացնո՞ւմ եք՝ բարձրաստիճան պաշտոնյան «լայվ» մտնի ու ասի. «Բարեւ ձեզ, հուսով եմ՝ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ունեմ վատ նորություն՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատանում են։ Պուտինի հետ չի հաջողվում 7 րոպեից ավելի խոսել։ Խնդիրները տեղից չեն շարժվում...»։
Կամ՝ մեկ այլ անգամ. «Բարեւ ձեզ, ունեմ հետեւյալ վատ լուրը՝ ներդրումներ Հայաստանում չկան, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում։ Սիրում եմ բոլորիդ...»։
Բացառված է, որ «լայվով» լսենք «Բարեւ ձեզ, այս ուշ ժամին շտապում եմ տեղեկացնել, որ գազի գինն անպայման թանկանալու է։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ դա տեղի է ունենալու, ուղղակի ձեզ չէինք ասում, բայց քանի որ արդեն բանը բանից անցել է, հայտնում ենք լուրը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով, իմ թանկ գազ վճարող հայ ժողովուրդ...»։
Պատկերացնո՞ւմ եք, «լայվով» ձեզ հայտնեն, որ «մինչ մենք Հայաստան-Արցախ հակամարտության մեջ ենք, սիրելի հպարտ ժողովուրդ, Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժություններ է անում՝ պայմանական թշնամուն ոչնչացնելու սցենարով։ Իմ հպարտ, դուխով ժողովուրդ, այդ պայմանական թշնամին դու ես...»։«Լայվով» նաեւ չես լսի հանդարտ, զուսպ խոսք։ Հնչում է կա՛մ բուռն ոգեւորություն, կա՛մ բուռն ագրեսիա ու ցասում։ Կա՛մ ժանրն է այդպիսին, կա՛մ ժամանակները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը