04 07 2019

Պառ­լա­մեն­տա­կան «վո­յաժ­ներն» ու դի­վա­նա­գի­տա­կան «անա­տա­մու­թյու­նը». «Փաստ»

Պառ­լա­մեն­տա­կան «վո­յաժ­ներն» ու դի­վա­նա­գի­տա­կան «անա­տա­մու­թյու­նը». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Պառլամենտարիզմի կայացման գործում, անշուշտ, մեծ դեր ունեն կուսակցությունները և կուսակցական համակարգն ընդհանրապես: Պառլամենտարիզմի կայացման գլխավոր նախապայմանը սեփական պատասխանատվությամբ որակյալ քաղաքական որոշումներ ընդունելու ունակ կուսակցությունների կայացումն է:

Իսկ այդ պրոցեսը խթանելու համար պետք է ստեղծել քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ձևավորման օրենսդրական նախադրյալներ: Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանն օգտագործվում է արդեն իսկ կայացրած որոշումներին քաղաքակիրթ տեսք տալու, դեմոկրատական արհեստական շղարշ ստեղծելու համար:

Փաստացի ունենք այնպիսի մի իրականություն, երբ «իշխանության կուսակցություն» և «իշխող կուսակցություն» հասկացությունները միմյանցից չեն տարբերվում, բայց փաստացի դրանք տարբեր բովանդակություն ունեցող երևույթներ են: Ինչո՞ւ են հետխորհրդային տարածքում իշխող կուսակցությունները վերածվում իշխանության կուսակցության, և ո՞րն է նրանց տարբերությունը։ Այդ հարցի պատասխանը որոնելու համար պետք է փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ են կայացած ժողովրդավարություն չունեցող երկրներում պետությունը և իշխող կուսակցությունները տարրալուծվում միմյանց մեջ։

Հայաստանը ներկա փուլում հայտնվել է մի խաչմերուկում, որտեղ պետք է ընտրություն կատարի, թե որ ուղղությամբ է շարունակելու իր ընթացքը։

Մի քանի դրույթով բացենք որոշակի փակագծեր. որպես կանոն՝ իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա։ «Իշխանության կուսակցությունը», հակառակը, ձևավորվում է հենց իշխանության ներսում, ինչը բնորոշ է, մասնավորապես նախկին խորհրդային երկրներին և ունի պատմական պատճառներ։

Մենք մի դեպքում գործ ունենք պառլամենտական տիպի կուսակցությունների հետ, իսկ մյուս դեպքում՝ ավտորիտար։ Կայացած պառլամենտական կառավարման մոդելի երաշխիքներն են իշխանության ճյուղերի տարանջատումը, անկախ դատական համակարգը, սակայն ամենակարևոր երաշխիքը, որն անիմաստ է դարձնում իշխող կուսակցության ներթափանցումը պետական հաստատություններ, սեփականության իրավունքի պաշտպանվածությունն է։

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին:

Ցավոք, իրականությունն այս մի քանի ամիսների ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելը ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն:

ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուրռեալ:

Ընդհանուր թվով մեկ ամսվա ընթացքում ԱԺ-ից եղել է 26 գործուղում, որը միանշանակ ահռելի ծանր բեռ է պետբյուջեի և, որ նույնն է, հարկատուների ուսերին:

Այս «տուրնեների» մասին ծանոթանալիս տպավորություն է, որ համաշխարհային մեգաաստղերի շրջագայությունների ցանկն է, այնինչ…

Վերջին մեծ պատվիրակությունը, որը գտնվում էր Մոսկվայում, բավական անատամ և թույլ պահվածք դրսևորեց և պատշաճ չհակադարձեց մեր պետականության թիվ մեկ հակառակորդի պառլամենտական հռետորաբանությանը, նրանք անգամ միջազգային այդ բարձր հարթակից ադրբեջանական քարոզչամեքենային չհասցրին համարժեք հակահարված: 

Եվ հենց այստեղ հարց է առաջանում՝ եթե բոլոր վերոնշյալ գործուղումների ժամանակ, որոնք մի քանի հազար դոլար արժողություն ունեն, մեր խորհրդարանականները նման պահվածք են ցուցաբերում, ապա ի՞նչ իմաստ ունեն այդ գործուղումներն ընդհանրապես»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ