«168 Ժամ»-ը գրում է․ Կառավարությունը որոշել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Բայց մտադիր է այնպես անել, որ այդ բեռը կրի ոչ թե ինքը, այլ տնտեսությունը։
Ինչպես հայտնի է, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությամբ դեռ մի քանի ամիս առաջ հանդես էին եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը։ Սակայն, եթե նրանք առաջարկել էին գործող 55 հազար դրամը դարձնել 63 հազար, ապա կառավարությունը նախընտրել է գնալ ավելի արմատական տարբերակով. առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 63 հազար, այլ 68 հազար դրամ։ Այդ թիվը Սոցապ նախարարությունը ստացել է ինչ-որ հաշվարկների հիման վրա, որն էլ նպատակահարմար է համարել դնել նվազագույն աշխատավարձի սահմանման հիմքում։
Որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը Հայաստանում վաղուց սպասված քայլ էր, այդպես էլ կա։ Վերջին անգամ այն վերանայվել է դեռևս 2015թ.։ Թեև այս ընթացքում շատ ջրեր են հոսել, այնուհանդերձ նվազագույն աշխատավարձը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Դրա համար, անշուշտ, պատճառներ եղել են։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ենթադրում է նաև աշխատավարձի բազային դրույքաչափի ավելացում։ Խոսքը պետական կառավարման համակարգում զբաղված քաղաքացիների աշխատավարձերի ձևավորման ժամանակ կիրառվող դրույքաչափի մասին է։
Ներկայումս այն կազմում է 66,1 հազար դրամ։ Այդ գումարի նկատմամբ էլ կիրառվում են համապատասխան գործակիցները։ Մի դեպքում դա կարող է լինել, ասենք` 2 կամ 3, մեկ այլ դեպքում` 10 կամ 11։ Գործակիցները բարձրանում են պաշտոնական դիրքին համապատասխան։ Ամենաբարձր` 20 գործակից ունի հանրապետության նախագահը, նրան հաջորդում է վարչապետը` 19 գործակցով։ Նախարարներն ունեն 11 գործակից։
Վերջին չորս տարիներին աշխատավարձի բազային դրույքաչափը Հայաստանում որևէ փոփոխության չի ենթարկվել։ Պատճառներից մեկն էլ նվազագույն աշխատավարձի հետ փոխկապակցված լինելն է։ Եթե նվազագույն աշխատավարձը բարձրանում է, բարձրանում է նաև բազային դրույքաչափը։ Իսկ դա բավական լուրջ ծախս է պետական բյուջեի համար։
Հիմա կառավարությունը որոշել է փոքրիկ խորամանկություն անել` մի կողմից՝ տպավորություն է ստեղծում, որ միանգամից 13 հազար դրամով բարձրացնում է նվազագույն աշխատավարձը, բայց մյուս կողմից` հրաժարվում է դա կիրառել նաև աշխատավարձի բազային դրույքաչափի վրա։ Ու ստացվել է այնպես, որ նախկին իշխանությունները տարիներ շարունակ չէին կարողանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 24 տոկոսանոց թռիչք է կատարում։
Իրականում գործ ունենք իրարից էապես տարբեր երկու երևույթների հետ. բոլորովին այլ բան է միայն նվազագույն աշխատավարձի բարձրացումը, բոլորովին այլ բան, երբ դա արվում է` փոխելով նաև բազային դրույքաչափը։
Բազային դրույքաչափի բարձրացումը, այն էլ՝ միանգամից 13 հազար դրամով, կարող է հսկայական ճնշում առաջացնել պետական բյուջեի վրա, որի տակ ռիսկ չէին անում մտնել՝ ինչպես նախկինները, այնպես էլ՝ այս կառավարությունը։ Պատկերացնելու համար ասենք, որ նման քայլ կատարելու համար կպահանջվի լրացուցիչ առնվազն 90-100 մլրդ դրամ բյուջետային գումար։
Նշենք, որ այս տարվա պետական բյուջեով հաշվարկված աշխատավարձի ֆոնդը հասնում է 479 մլրդ դրամի։
Հաշվի առնելով այս հանգամանքը` որոշվել է շրջանցել աշխատավարձի բազային դրույքաչափը։ Այն կմնա անփոփոխ, ինչն էապես թեթևացնում է ներկայացված նախաձեռնության ֆինանսական պահանջարկը։
Չնայած պետական կառավարման համակարգում զբաղված 35 հազար քաղաքացու աշխատավարձ, որը 55 հազար դրամից ցածր է, կբարձրանա, այնուհանդերձ պետական բյուջեն դրանից կորուստներ չի կրի։ Ընդհակառակը` առաջարկված 63 հազարը 68 հազար դրամ դարձնելու դեպքում՝ ենթադրվում է, որ բյուջեի եկամուտները նույնիսկ կավելանան։ Խոսքը եկամտային հարկից ակնկալվող լրացուցիչ մուտքերի մասին է։
Հարց է առաջանում, այդ դեպքում ո՞ւմ հաշվին է քաղաքական իշխանությունը պատրաստվում իրականացնել նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում։ Պատասխանը միանշանակ է` տնտեսության ոլորտում զբաղվածների։
Այսինքն` սրանից տուժելու են, առաջին հերթին՝ տնտեսական հատվածի մասնակիցները։ Նրանք ստիպված են լինելու լրացուցիչ գումարներ վճարել ոչ միայն իրենց աշխատողներին, այլև եկամտային հարկի տեսքով ավելացնել պետական բյուջեի վճարումները։
Ու դեռ հարց է, թե այն, ինչ ուզում է անել կառավարությունը, որքանո՞վ կծառայի իր նպատակին։
Նախաձեռնության հետ կապված՝ բավական լուրջ ռիսկեր կան։ Այն կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման։ Լրացուցիչ ֆինանսական բեռից խուսափելու համար, չի բացառվում, որ տնտեսվարողների մի մասը որոշի գնալ կրճատումների։ Հավանական տարբերակներից մեկն էլ կարող է լինել աշխատողների տեղափոխումը ստվերային դաշտ։
Նվազագույն աշխատավարձի բարձրացման ռիսկերը շատ ավելի մեծ են՝ աշխատաժամերի հետ կապված։ Սա մի գործիք է, որը հնարավորություն է տալիս ամբողջական դրույքով աշխատողին ձևակերպել, ասենք` կես կամ մեկ քառորդ դրույքով և խուսափել հավելյալ ֆինանսական բեռ ստանձնելուց։ Այստեղ ռիսկեր կան այն առումով, որ նվազագույն աշխատավարձի շեմի ավելացումը ոչինչ չի տա աշխատողին։
Հիմա կառավարությունը մեխանիզմներ է մտածում` նման երևույթներից խուսափելու ակնկալիքով։ Բայց մոռանում է, որ լավ օրից չէ, երբ տնտեսվարողները փորձում են շրջանցել օրենքները։ Աշխատավարձի բարձրացումը որքան էլ կարևոր է, այնուհանդերձ պետք է հիմնավորված լինի՝ ինչպես գործատուի տնտեսական գործունեությամբ, այնպես էլ՝ աշխատողի աշխատանքով։ Հակառակ դեպքում կարող են առաջանալ ոչ ցանկալի երևույթներ։ Այն, ինչ առաջարկվում է, լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսության համար։ Թվում է՝ մեծ գումարի մասին չէ խոսքը` մեկ աշխատողի դեպքում ամսական շուրջ 20 հազար դրամ։ Բայց տարեկան կտրվածքով դա բավական մեծ ծանրաբեռնվածություն է, որին ոչ բոլորը կարող են դիմանալ։
Մոտավոր գնահատումներով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը մասնավոր հատվածում առնչվելու է շուրջ 45 հազար աշխատողի, կարող է պահանջել հավելյալ 8-10 մլրդ դրամ։ Ունի՞ այդ գումարը տնտեսությունը։ Այս հարցի պատասխանն առայժմ բաց է մնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը