02 07 2019

Ինչ է նշանակում՝ «Դուշանբե պլյուս»․ մեկնաբանում է փորձագետը․ «168 Ժամ»

Ինչ է նշանակում՝ «Դուշանբե պլյուս»․ մեկնաբանում է փորձագետը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման  հանդիպումների օրակարգը հստակեցնելու խնդիր ունեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին։

Հիշեցնենք, որ համանախագահներն անդրադարձել էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից մեկական գերիների հայրենադարձման հումանիտար միջոցառմանը, որը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, չի համարվում փոխանակում։

«Համանախագահները ողջունել են ձերբակալվածների վերադարձման գործընթացը և շնորհակալություն հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ջանքերի համար, որը նպաստեց ձերբակալված անձանց նկատմամբ նման դրական առաջին քայլերին: Միաժամանակ համանախագահները կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ լրացուցիչ հումանիտար միջոցներ ձեռնարկել` խաղաղությանն ու բովանդակային բանակցություններին  նպաստող մթնոլորտ ստեղծելու հարցում»,- նշված է նրանց հայտարարության մեջ:

Նշենք, որ հունիսի 28-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է հայրենադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ղազախի ուղղությամբ սահմանը հատած ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանը։ Ադրբեջան է վերադարձել նաև 2019թ. մարտի 16-ի գիշերը սահմանին վնասազերծված ադրբեջանցի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։ Այս փոխանակումը, սակայն, չի եղել «Բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով։ Հումանիտար առաջընթացը հնարավոր դարձավ Վաշինգտոնում մեկ շաբաթ առաջ կայացած Մնացականյան-Մամեդյարով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հանդիպումից հետո։

Ուշագրավ է նաև, որ այս համաձայնությանը զուգահեռ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպման բովանդակության վերաբերյալ միմյանց փոքր-ինչ հակասող և հերքող հայտարարություններով հանդես եկան, թեև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի  ավելի բովանդակային  հարցերին, նախարար Մնացականյանը նկատեց, որ հայկական կողմի համար առաջնային խնդիրը վերաբերում է կարգավիճակին և Արցախի կողմից ինքնորոշման իրավունքի անվերապահ իրագործման գերակայությանը, և այդ առումով մենք նույնպես գնահատել ենք տարբեր հարթություններ, ձևաչափեր և նաև նշել, որ մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին: Սակայն ՀՀ ԱԳ նախարարը նաև ասաց, որ  իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պահպանվում է Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր  հայկական կողմի համար:

«Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց դրեցին, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ, և այդ առումով, երբ մենք ունենք զոհեր, երբ ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունն այնպիսի գործառույթների, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ Պետերբուրգը և Վիեննան դրա մասին են: Մեզ համար նախևառաջ էական են հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա, և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել խաղաղ գործընթացին նպաստող միջավայրը»,- ընդգծեց Մնացականյանը։

Ուվե Հալբախն ասաց, որ գերիների վերադարձը կազմակերպելու հարցում հակամարտող կողմերի համաձայնությունը դրական հանգամանք է։ Նա հույս հայտնեց, որ այն իսկապես կնպաստի դրական մթնոլորտի ձևավորմանը բանակցային սեղանի շուրջ։ Ըստ նրա՝ այս հումանիտար ծրագրերին զուգահեռ՝ երևակվում են հակամարտող կողմերի հակընդդեմ դիրքորոշումները ԼՂ հակամարտության բուն կարգավորման հարցի և բանակցությունների ներկայիս բովանդակության վերաբերյալ, այդ ամենը հստակ արտացվոլվում է կողմերի տարածած հաղորդագրություններում, նրանում, թե ինչ են նշում, ինչ քայլեր են կարևորում կողմերն այդ ողջ քննարկումից։

«Ինչպես երևում է, վերջին բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են այս նախաձեռնությունները, և այս փոխանակումը հնարավոր է դարձել դրա շնորհիվ։ Բայց սրան զուգահեռ՝ նոր զոհեր են գրանցվել շփման գծում, ինչն անհանգստացնող երևույթ է, ինչն իր հերթին՝ փաստում է այն մասին, որ կողմերը չունեն փոխըմբռնում ներկա գործընթացում, քանի որ, եթե այն լիներ, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը չէր վատթարանա, և զոհեր չէին լինի։ Այդ պատճառով, կարծում եմ, ներկայումս Հայաստանը կարևորում է Դուշանբեի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը, և դրան հավելած՝ պահանջում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում քննարկված հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, որին դեմ էր Ադրբեջանը և, ենթադրաբար, դեմ է նաև այսօր։ Ենթադրաբար շփման գծում պետք է ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որպեսզի հակառակորդ կողմը առիթ չունենա պահանջել հավելյալ մեխանիզմների ներդրում շփման գծի և սահմանի ողջ երկայնքով։

«Դուշանբե պլյուսը» ես հասկանում եմ այդպես՝ միմիայն հետաքննական մեխանիզմների և շփման գծում խաղաղ իրավիճակ ապահովելուն ուղղված միջոցառումներ։ Հայկական կողմի երկրորդ առաջնահերթությունը Ստեփանակերտի մասնակցությունն է, որը կրկին կարևորվել է վերջերս, ինչպես նաև կարգավիճակի հարցը, ինքնորոշման իրավունքը և այն ամենը, ինչ ավանդաբար ցանկացել ու կարևորել է Հայաստանը։ Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը՝ տարածքների վերադարձ, խաղաղապահների տեղակայում, շուտափույթ բովանդակային բանակցությունների մեկնարկ, ինչը, այս դեպքում ևս, հստակ արտացոլվում է ադրբեջանական կողմի բոլոր հայտարարություններում։ Թե առաջիկայում ինչպես կմոտենան այս դիրքորոշումները, կդժվարանամ ասել, քանի որ հնարավոր են տարբեր սցենարներ, և դրանք էականորեն կախված են լինելու շփման գծում տիրող իրավիճակից, որը փորձում է վերահսկել հայկական կողմը։ Բայց արձանագրենք նաև, որ համանախագահները ևս ունեն իրենց օրակարգը՝ այս օրակարգում այսօր տեղ ունեն հումանիտար քայլերը, որոնք դիտարկվում են՝ որպես բովանդակային բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման համար հիմք։

Այսինքն՝ համանախագահները կարևորում են այս երկու հարթությունները։ Կարծում եմ, որ դրական է, երբ նախարարները քննարկում են այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են երկու կողմերին էլ, բայց գուցե համանախագահները խնդիր ունեն հստակեցնել այս ընդարձակ օրակարգն ավելի հստակ գործընթացի համար, քանի որ դա կողմերին նաև տալիս է հնարավորություն ներկայացնել այդ օրակարգն այնպես, ինչպես ցանկանում են, և դա կարող է խոչընդոտել հետագա գործընթացներին՝ իրավիճակը մղելով դեպի փակուղի և լարված դրություն շփման գծում ու սահմանին, քանի որ ներկայումս էլ ակնհայտ է, որ չի հաջողվում ձևավորել մեկ օրակարգ կողմերի մոտ, չնայած գործընթացի հումանիտար բաղադրիչին։ Այսինքն՝ տեղի է ունենում հանդիպում, որից հետո յուրաքանչյուր մասնակից սկսում է խոսել իր օրակարգից, մենք մշտապես ասում ենք, որ պետք է մոտեցնել օրակարգերը»,- ասաց վերլուծաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ