28 06 2019

Ո՞վ է Վահեին շտապեցնում․ «Հրապարակ»

Ո՞վ է Վահեին շտապեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանն արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Ըստ այդմ պետք է պատկերացնել, թե ինքան կարևոր առաքելություն ունի Սահմանադրական դատարանի նախագահը, ով արդարադատության հետ կապված որևէ թեկուզ վիճելի  խնդիր չպետք է ունենա։

Սահմանադրական դատարանի պատմության մեջ գորշ գույներով  կմնա այն փաստը, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը»։ Այն դեպքում, երբ այդ դատարանը նախագահ ուներ։

Հանրությունը բաժանվեց երկու մասի՝ մի մասը պաշտպանում էր, իսկ մյուսը մասը դատապարտում։ Այս պարագայում շատ կարևոր է մամուլի կողմից հիշեցումը, թե ով է Վահե Գրիգորյանը։ Չէ որ նրա մասին այնքան շատ է գրվել, խոսվել ժամանակին, որ պետք է հիշեցնել։  Մարդ, ով արդարադատության հետ կապված ոչ թե մի, այլ մի քանի անգամ լուրջ խնդիրներ է ունեցել։ Անգամ 2005թ․ հոկտեմբերի 7-ին կալանավորվել է՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:  Ու քանի որ մի նյութի սահմաններում դժվար է բոլորը միասին ներկայացնել, սկսեմ այս գործից․

Երևի  հիշում եք, 2014 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը գերի է վերցրել Չինարի գյուղի մի բնակչի՝ Կարեն Պետրոսյանին։ Երիտասարդը մոլորվել է, անցել է սահմանը: Ինչպես պատմում էին․

«Մոլորվել է, էշով գնացել է անտառ փայտի, մոլորվել է։ Էդ տարածքը ուսումնասիրեցին, ման եկան, էշը գտան, ինքը չկար։ Մոլորվել է, անցել, մտել թուրքի գյուղը, էնտեղ գյուղացիները բռնել են, տվել զինվորականներին»։ Գյուղացիների խոսքերով՝ Կարենը գնացել էր վառելափայտ բերելու։ Ադրբեջանցիները տարաբախտ հովվի հետ վարվում են դաժանաբար, ստորացնում, ծաղրում, անմարդկային պայմաններում ծնկի  իջեցնում ադրբեջանական բարձրաստիճան սպայի առաջ ու տեսանյութեր հրապարակում։ Հաջորդ օրը Ադրբեջանը լկտիաբար հայտնում է, որ Կարենը բանտում գտնվելով սրտի կանգից մահացել է: Պարզ էր, որ նա ենթարկվել է անմարդկային խոշտանգման ու պատժվել է մահվամբ։

Ի՞նչ եղավ տարաբախտ հովվի  ճակատագիրը ՄԻԵԴ-ում։ Այդ մասին ժամանակին աղմկում էր մամուլը։ Գուցե հիշեցնենք մամուլի հրապարակումներից։ Մամուլը գրում էր, որ  փաստաբան Վահե Գրիգորյանը ի օգուտ Ադրբեջանի տապալել է ՀՀ քաղաքացու հայցը, որը հասել էր ՄԻԵԴ։  Բառացի մեջբերում եմ հրապարակումը․ «Եվ ահա համաձայն Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում հայտնաբերված փաստաթղթի (թվագրված է 2015թ. դեկտեմբերի 10-ով)՝ Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել է քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Արտառոց հիմնավորում: Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարևոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում: Եվ այդ փաստաբանի անունն է, ըստ նշված փաստաթղթի, «պարոն Վ.Գրիգորյան, որը գործունեություն է ծավալում Լոնդոնում»: Լոնդոն․ խորանալու դեպքում կարելի է հասկանալ, թե ինչու՞ նախագահը պաշտպանեց նրա թեկնածուությունը։ Ադրբեջանական քարոզչությունը բավական ակտիվ է նաև Լոնդոնում, որտեղ հիմնականում բնակվում է նշված փաստաբանը:Գաղտնիք չէ, որ ադրբեջանական նավթի մեծ մասը գնում և վերավաճառում են հենց բրիտանական ընկերությունները: ․․․Ու այդ մարդը՝ Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակում է Սահմանադրական դատարանի  նախագահ։ Ո՞վ է Վահեին շտապեցնում․․․

Արդարդատության հետ կապված մյուս խնդիրները կներկայացնեմ հաջորդիվ։ Հիշեցման կարգով։ Ոչինչ չի մոռացվել։ Ու պարզ կերևա, թե ով է նրան շտապեցնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ