«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, առավել ևս երկու երկրների ղեկավարների ամեն հանդիպումից առաջ մամուլում և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են ղարաբաղյան բանակցային գործընթացից հնարավոր ակնկալիքների մասին խոսակցությունները:Դա միանգամայն բնական է, քանի որ ենթադրել, որ հակամարտության կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կամ առաջին դեմքերը հանդիպում են հենց այնպես՝ մտերմիկ զրուցելու, մեկ բաժակ սուրճ խմելու և մինչ նոր հանդիպումը միմյանց հրաժեշտ տալու համար, առնվազն անհեթեթ է թվում: Մինչդեռ, վերջին մոտ երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումները, որպես կանոն, հենց այդպես էլ ավարտվում են՝ առանց որևէ արդյունքի:
Այս առումով, վստահաբար, բացառություն չի լինի նաև հունիսի 21-ին Վաշինգտոնում սպասվող՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ի դեպ, այն, որ վաշինգտոնյան հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան, այդ մասին արդեն իսկ մամուլին տված մեկնաբանություններում ասել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարները: Նույն ոգով են պարուրված նաև երկու երկրների փորձագետների հրապարակած վերլուծությունները:
Այն պնդման օգտին, որ այս անգամ էլ բանակցություններում հնարավոր առաջընթաց արձանագրելուն առնչվող սպասելիքներ չեն կարող լինել, խոսում է պարզ հանգամանքը, որ ինչպես քննարկումների սեղանին դրված փաստաթղթում, այնպես էլ բանակցային ձևաչափում, գոնե դատելով հրապարակային հայտարարություններից, ոչինչ չի փոխվել:
Շուրջ մեկ տասնամյակ համանախագահների կողմից առաջարկված ու ցայսօր քննարկվող «Մադրիդյան սկզբունքներում», թերևս որոշ մասնակի տեխնիկական շտկումներից բացի, ոչինչ չի փոխվել: Իսկ այդ սկզբունքներին տարբեր առիթներով դեմ են արտահայտվել ինչպես Երևանն ու Ստեփանակերտը, այնպես էլ Բաքուն: Հայկական կողմը, սակայն, քանիցս հայտարարել է, որ դրանք իր համար ընդունելի են որպես բանակցությունների հիմք, ոչ ավելին: Մինչդեռ Բաքուն կտրականապես մերժում է դրանք նաև որպես հիմք ընդունել: Այս համատեքստում խիստ ուշագրավ է այն, որ Բաքուն, փաստորեն, մերժում է Հայաստանում շատերի կողմից «դավաճանական» որակված փաստաթուղթը… ինչևէ:
Սակայն խնդիրն այն է, որ սպասելիքների բացակայությունն ու ստեղծված փակուղային վիճակը ոչ միայն ու ոչ այնքան քննարկվող փաստաթղի բովանդակությամբ են պայմանավորված, այլև ներկումս ձևավորված տարածաշրջանային ու միջազգային իրողություններով: Այն, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում, ամենևին չի կարելի գնահատել, որպես գործընթացում ամերիկյան կողմի ակտիվացում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը