«168 Ժամ»-ը գրում է․ «Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և Մոսկվայում կայացած հանդիպումների. «Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ:
Քննարկվեցին շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմն ընդգծեց հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվեց նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները»,- նշված է ՀՀ արտգործնախարարության հայտարարությունում:Երկու երկրների արգործնախարարների հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են, որ առաջիկայում Մինսկի խմբի հովանու ներքո կրկին կհանդիպեն:
«ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և հումանիտար քայլերի իրականացման ու անվտանգության ապահովման ուղղությամբ ակնկալիքները։ Ցավոք, արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։ Միջնորդները կողմերին կոչ են արել վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և ինժեներական աշխատանքներից։ Արտգործնախարարները համաձայնել են, որ կարևոր է ամբողջությամբ օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապը լարվածության վտանգի նվազեցմանն ուղղված արագ արձագանքման նպատակով»,- նշված է Մինսկի խմբի հայտարարության մեջ։
«168 ժամ»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Մինսկի խմբի տարածած հայտարարությանը, նկատեց՝ նման հայտարարությունը սպասելի էր, քանի որ երևում է, որ հիմնական շեշտը շարունակում է դրվել կայունության և խաղաղության պահպանման վրա։
«Այն, որ նման հանդիպումները կարևորվել են, և դրա շարունակականությունը ևս կապահովվի՝ դրական է»,- ասաց Դ. Բաբայանը։
Հարցին՝ Մինսկի խումբը ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև եղած ուղիղ կապը և հորդորել այն օգտագործել՝ լարվածությունը նվազեցնելու համար, Ադրբեջանի դեպքում հնարավո՞ր է նման կապով պահպանել սահմանային կայունությունը, կամ` այսքան ժամանակ այդ կապն օգնե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ դա կարևոր է, որն ինչ-որ տեղ ունի իր տեխնիկական և քաղաքական նշանակությունը։
«Քաղաքական նշանակություն ունի այն առումով, որ, եթե կա ուղիղ կապ, հետևաբար՝ պետք է լինեն նաև որոշ պարտավորություններ զինադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ։ Տեխնիկական, եթե ինչ-որ բան լինի ճշտելու, շտկելու, ապա անմիջապես կարողանան միմյանց հետ կապ հաստատել։ Սակայն Ադրբեջանն այն երկիրն է, որից պետք է սպասել ամեն ինչ՝ անգամ ամենաանկանխատեսելի իրավիճակում և անսպասելի պահերին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հաջորդ հարցին՝ այս հանդիպման ընթացքում ևս չի հիշատակվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, արդյո՞ք անտեսելով այդ պայմանավորվածությունները՝ Ադրբեջանին գործելու լայն հնարավորություններ չի տրվում, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ։ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտում է որևէ շոշափելի քայլի իրականացմանը, որը թույլ կտա անմիջապես վերահսկել, թե ով է խախտում սահմանային հրադադարը։ Հասկանալի պատճառով Մինսկի խումբը չի ցանկանում իրավիճակն է՛լ ավելի բարդացնել, պարզապես ցանկանում է շարունակել պահպանել զինադադարի ռեժիմը, խաղաղությունն ու կայունությունը՝ այդ բարդ ու կարևոր պայմանավորվածությունների կյանքի կոչելը թողնելով ինչ-որ տեղ ապագայի համար։ Իհարկե, այս ամենը մեծ հնարավորություն է Ադրբեջանի համար՝ ինժեներական աշխատանքները և տարբեր այլ քայլեր…»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կոչին՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ կոչն ուշացած է, սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը