Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ ալեկոծել է մերձհեղափոխական շրջանակները: Կդժվարանամ ասել՝ ինչ վտանգ են զգում այդ շրջանակները, բայց մի բան հաստատ զգում են, որն առայժմ դժվարանում են հոդաբաշխ խոսքով արտահայտել: Նրանք քաջ գիտակցում են, որ օտարերկրյա դեսպանների հանդիպումները տվյալ երկրի նախկին ղեկավարների և հայտնի քաղաքական գործիչների հետ ընդունված պրակտիկա է աշխարհում, սակայն Քոչարյան-Կոպիրկին հանդիպումից այլայլվել են:
Ի վերջո, ի՞նչ է պատահել: Մեր ռազմավարական դաշնակից երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, զրուցել են, հարցեր քննարկել: Վա՞տ է: Ես կասեի՝ լավ է, որովհետև ՌԴ դեսպանն անձամբ է այցելել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ և մոտ 2 ժամ մնացել այնտեղ: Հաստատ՝ մեկ-երկու բաժակ էլ խմել են, հետո՞: «Խայտառակություն, դա բացահայտ արհամարհական վերաբերմունք է ՀՀ գործող իշխանությունների հանդեպ»,- բղավում են աջ ու ձախից՝ առանց հասկանալու, որ նման բղավոցով առաջին հերթին նսեմացնում են Հայաստանի հեղափոխական իշխանություններին: Փաշինյանի անզուգական խոսնակը չէ՞ր ասել, որ միայն խելագարը կարող է դեմ գնալ այս իշխանություններին: Դե ուրեմն հանգստացեք ու խելագարներին ձեր մեջ փնտրեք, որոնք նախ՝ Քոչարյանից «բոբո» սարքեցին, իսկ հիմա չգիտեն ինչպես ազատվել նրա ստվերից:
«Արտառոց է, երբ օտար երկրի դեսպանը հանդիպում է նախկին նախագահի հետ, որը ոչ միայն քրեական հետապնդման մեջ է, այլ նաև մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով: Ընդ որում՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս օրերին ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ, ապա այս հանդիպումը ցուցադրական աջակցություն է Ռnբերտ Քոչարյանին»: Իյա, իրո՞ք... Իսկ ի՞նչ էիք մտածում այն ժամանակ, Երբ Փաշինյանը հայտարարում էր, թե հեսա Ռուսաստանին ադապտացնելու է հայաստանյան նոր իրողություններին, իմա՝ թավշյա հեղափոխությանը: Փաստորեն՝ չի ստացվում, հա՞:
Եվ մի ասեք, թե Հայաստանում այսօր «աննախադեպ կոնսենսուս գոյություն ունի Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատազրկելու հարցում»: Դա ձեր ուղեղի մորմոքն է, մտացածին հիմարություն: Ի վերջո, ձեր ասած այդ «կոնսենսուսը» բոլորը տեսան Քոչարյանին կալանքից ազատելու վճիռ կայացրած դատարանի մոտ: Հասարակությանը նման հիմարություններով ծանրաբեռնելու փոխարեն, ավելի լավ է մտածեք՝ ինչ եք անելու, երբ այդ նույն հասարակությունը «կոնսենսուսի» գա՝ հասկանալով, որ իրեն խաբել-հիմարացրել են, որ հեղափոխական ֆարսը կոծկելու նպատակով մի ամբողջ տարի իր քթից բռնած ման են տվել ու սուտ թիրախներ նշանակել: Հասարակության մեջ, առհասարակ, չի կարող կոնսենսուս լինել թիրախավորված քաղաքական հետապնդումների, բռնել-բանտարկելու, բանտում սպանելու, քանդել-ավերելու, ոչնչացնելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և նմանատիպ հարցերով: Փոխարենը առողջ հասարակությունը միշտ համախմբվում է կայունության, խաղաղության, աշխատանքի, ընտանեկան բարեկեցության, ազգային և ժողովրդավարակաև արժեքների շուրջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս առիթներ ունեցել է վստահեցնելու, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են և շարունակում են խորանալ: Հիշում ենք նաև, թե Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ինչ ոգևորությամբ էր Պուտինին պատմում, որ ոուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան աննախադեպ չափերի է հասել, որ հայ-ռուսական համագործակցության արդյունքում ահագին ներդրումներ են եղել, 7 տոկոսից ավելի աճ ենք ունեցել և այլն: Այսքանից հետո մ՞իթե կարելի է վախենալ Կոպիրկին-Քոչարյան հանդիպման փաստից, մանավանդ, որ հայտնի էլ չէ, թե ինչ են խոսել գրուցակիցները: Հեղափոխության հանդեպ ջերմ սիրով լցված մեր վերլուծաբանները, այդ հանդիպումից սարսափած, արդեն վստահեցնում են, որ Հայաստանի և նրա ինքնիշխանության դեմ «հիբրիդային պատերազմը» վարում է ոչ թե հայկական բարոյալքված ու ապակենտրոն քրեաօլիգարխիան կամ «սևագգեստավորները», այլ Մոսկվան, որը Հայաստանում գործի է դրել իր ազդեցության բոլոր միջոցները՝ հեղափոխության արդյունքները չեղարկելու նպատակով: Այդ վերլուծաբանները, առաջ գնալով, պնդում են, որ «Մոսկվան բացել է մի քանի «ճակատ»՝ հետևողականորեն օգտագործելով ոչ միայն Հայաստանում իշխանություններից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ խմբերին, այլ նաև խաղադրույք կատարելով Հայաստան-Արցախ հակասությունների վրա»: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն օրումեջ խոսում Հայաստան-Ռուսաստան փայլուն հարաբերություններից, սիրաշահում Մոսկվային, ավելի ստույգ՝ խաբում մեզ: Նա նույն երկակի ստանդարտն է կիրառում նաև Արևմուտքի և Եվրոպայի հետ հարաբերություններում: Մենք հա՛մ ռևերանսներ ենք անում, հա՛մ քննադատում ենք Արևմուտքին՝ մեր հեղափոխությունն ըստ արժանվույն չգնահատելու և մեր ռեֆորմներին անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար: Եվ այս ամենից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թավշյա հեղափոխության ձախողումների մեջ մեղավոր են բոլորը, բացի մեզնից:
«Արտը խախուտ, մհանեն՝ կարկուտ», սա ընդունելի կեցվածք չէ և չի նպաստում իրավիճակը ճիշտ գնահատելուն: Նախապես ընտրելով մեղավորներին՝ մենք նորանոր սխալներ թույլ կտանք ու երբեք չենք սովորի հետևություններ անել մեր նախորդ սխալներից:
Մեկամյա վաղեմության դեպքերը հիշելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ամենաադեկվատ գնահատականը հենց Մոսկվան է տվել և առաջինն է ամենաբարձր մակարդակով հանդիպել մեր նորընծա առաջնորդի հետ: Դրանից մեկ տարի անց ՌԴ դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահի հետ գնահատվում է որպես արհամարհական վերաբերմունք ՀՀ իշխանությունների նկատմամբ: Այդ որակումը, արդյոք, արդյունք չէ՞ մեր մոռացկոտության: Ինչո՞ւ ենք մոռացել, թե քանի անգամ ենք այս 1 տարում հակառուսական դեմարշներ արել ամենատարբեր, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և անգամ Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ:
Էդիկ Անդրեասյան
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը