«Փաստ»-ը գրում է․ «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին: Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, և ժողովուրդը չի հասկանա իրենց: Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված՝ «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը: Ըստ մեր աղբյուրի՝ որոշվել է թե´ իշխանական խմբակցության և թե´ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար:
Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը, իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները: Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը