«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանականները որոշել են «պատժել» ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց այլեւս պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում: Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը: Ինչպե՞ս, բացատրենք. այս օրերին ԱԺ հերթական պատվիրակությունն է գործուղվել Գերմանիա, որի կազմում բացառապես ՔՊ-ական պատգամավորներն են:
Պաշտոնապես հայտնել են ԱԺ-ից, թե Գերմանիա են մեկնել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, եւ տպավորություն է, թե ամեն ինչ օրինական է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը գնացել են առավել բարեկամանալու գերմանական բունդեսթագի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում 30 հոգի է ընդրկված, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն Գերմանիա մեկնել են բացառապես իշխանականները:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից բացատրեցին, թե պատվիրակության կազմը սովորաբար տվյալ բարեկամական խմբի ղեկավարն է որոշում՝ հաշվի առնելով պատգամավորների ակտիվությունը:
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, ուստի հենց նա է որոշել միայն իր թիմակիցներին գործուղել Գերմանիա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին պատվիրակության կազմերում չընդգրկելը եւս մեկ պատճառ ունի:
Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախապես ընդգրկված են եղել պատվիրակությունների կազմում, հրաժարվել են մեկնել գործուղումների ՔՊ-ականների հետ, իշխանոթյունն էլ «պատժում է» ընդդիմադիրներին՝ պատվիրակությունների կազմում չընդգրկելով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը