«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վայոց Ձորի մարզում դժգոհություններ ու ահազանգեր ստացել ենք երիտասարդ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի նշանակման օրվանից սկսած։ Մի անհասկանալի տրամաբանությամբ արմավիրցի 37-ամյա երիտասարդը (Արաքս գյուղից) 2018-ի հուլիսի 2-ին նշանակվեց Վայոց Ձորի փոխմարզպետ։ Մինչ այդ նա ձկնաբույծ է եղել, ապա իր հայրենի գյուղում համայնքապետի տեղակալ, ավարտել է Մանվել Գրիգորյանի «Գրիգոր Լուսավորիչ» Համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը։ Թեև անհասկանալի է, թե ինչպես է եւ համայնքապետի տեղակալ աշխատել, եւ միաժամանակ ուսանել գեներալին պատկանող բուհում։ Ապա 2017 թվականին մեկնել է Տոլյատի, եւ իր կենսագրության մեջ որպես աշխատատեղ նշել է «Սամարայի շրջանի Ք. Տոլյատիի հայ համայնքի փոխնախագահ», որն իրականում հասարակական գործունեություն է։
Դրանից անմիջապես հետո հանկարծ նշանակվել է Վայոց Ձորի փոխմարզպետ։ Բայց դե քայլածների համար սա սովորական կենսագրություն է։ Ի դեպ, դեկտեմբերի ընտրություններին նա առաջադրվել էր ոչ թե Վայոց Ձորից, որտեղ արդեն շուրջ կես տարի փոխմարզպետ էր աշխատում, այլ Արմավիրից, սակայն իր հայրենի մարզում էլ, պարզվեց, բարձր ռեյտինգ չունի՝ ընդամենը 2400 ձայն էր ստացել, այն էլ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում։
Սակայն իր նշանակման օրվանից Վայոց Ձորից մենք բողոքներ ենք ստանում, թե արմավիրցի փոխմարզպետը հակասություններ ունի վայոցձորցի փոխմարզպետի հետ։ Ապա կոնֆլիկտ ունեցավ ԲՀԿ-ականների հետ՝ մի բիչոկի պատճառով ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ ընդհարվեցին ու հայտնվեցին մամուլի ուշադրության կենտրոնում։ Բայց առավել ուշագրավ է այն, որ մարզում նրա մասին ասում են՝ «ոչ թե աշխատում է, այլ զբաղված է գործ տալով», նա մարզպետարանի ենթակայության հիմնարկների, համայնքապետերի դեմ շարունակ տեղեկատվություն է փոխանցում իրավապահներին, քրեական գործեր հարուցելու հիմքեր նախապատրաստում։ Եւ մասնավորապես, անդադար ստուգումներ է ուղարկում տարբեր համայնքներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը