«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։
Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև՝ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»,- ասված էր հայտարարության մեջ։
Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարևոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։
Այսպես, եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո և նրա իսկ մասնակցությամբ, ապա «168 ժամ»-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գալիք հանդիպմանը չի մասնակցելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։
Սա որոշակիորեն դիտվում է նաև՝ որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։
Եթե սրան գումարում ենք նաև այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, և, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը