«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. հունվար-մայիս ամիսներին սննդամթերքի գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապարակման՝ այս ամիսներին արձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Նախ՝ ընդհանուր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում՝ սկսած փետրվար ամսից, գների աճը կայուն միտում է դրսևորել՝ 3.4%, մարտին դարձյալ այդքան, ապրիլին՝ 3.9% գնաճ: Խոսքը առաջնահերթ օգտագործվող սննդամթերքի միջինացված գնաճի մասին է: Նույն կերպ ամենաշատն օգտագործվող հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 4.5%-ով, հացի գները՝ 5.4%-ով: Ալյուրինը՝ 4.1%-ով: Սոցիալապես անապահովները, որոնց սննդի օրակարգում միշտ մեծ բաժին ունի մակարոնեղենը, մայիս ամսին դրա դիմաց ավելի են վճարել 7.8%-ով:Չնայած 2018թ. կեսերից սկսած մսի շուկայում՝ հատկապես խոզի և տավարի մսերի գների անկում էր արձանագրվում, ինչի արդյունքում հատկապես խոզ պահելը հերթական անգամ գյուղացու համար դարձել էր վնասաբեր, այդուհանդերձ ԱՎԿ-ի հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, որ մսի գների էական աճ է տեղի ունեցել: Միջինում շուկայում մսի գինն աճել է 2.4%-ով: Ընդ որում՝ տավարի մսի պարագայում հունվարի շեշտակի աճից հետո արձանագրվել է գների աստիճանական նվազում մինչև ապրիլ, երբ եղել է ավելի ցածր, քան անցած տարվա նույն ամսին, սակայն սկսած մայիսից՝ անկման միտումը փոքրացել է, նույնն է թե՝ հակառակ պրոցեսն է սկսվել: Խոզի մսի դեպքում ևս մի քանի ամսվա շեշտակի գնանկումից հետո մայիսին անկման ընթացքը դանդաղել է, այսինքն՝ գնաճի պրոցես է սկսվել:
Վերջին մի քանի տարիներին մեր շուկայում թերևս ամենակայունը եղել է թռչնամսի գինը: ԵՏՄ պայմանավորվածությունները վերջնական ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսից և ՌԴ-ից Հայաստան է ներկրվում ոչ բարձրորակ, բայց էժան թռչնամիս, ինչը մեր թռչնաբույծների մոտ խիստ դժգոհության տեղիք է տալիս: Ինչևէ, վերջիններս և´ դժգոհում, և´ երբեմն հպարտանում են, որ արդեն քանի տարի է՝ ամեն ինչ թանկանում է, մինչդեռ թռչնամիսը, որ, մսեղիքի մեջ լինելով ամենաէժանը, ամենաշատն է օգտագործվում սոցիալապես անապահով խավի կողմից, չի թանկանում: Այս տարվա հինգ ամիսների ընթացքում այս ապրանքատեսակի գները կայուն աճ են արձանագրում՝ 4-8-11- 13-13.6%:
Չորացրած, աղ դրած, ապխտած մսամթերքի գները ևս ոչ շատ, բայց որոշակի աճ են արձանագրել: Թարմ ու սառեցված ձկան պարագայում առաջին ամիսներին տեղի է ունեցել գնանկում, բայց վերջին ամիսներին այն դադարել է: Մինչդեռ թարմ և սառեցված ծովամթերքների գնաճը հունվարին եղել է շուրջ 40%, որոշակիորեն նվազելով՝ մայիսին մոտ է եղել 30 %-ի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը