12 06 2019

Պարտությունից չքաղած դասեր․ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը․«Փաստ»

Պարտությունից չքաղած դասեր․ինչո՞ւ է նորից «տեսակավորվում» հասարակությունը․«Փաստ»

«Փաստ»-ը գրում է․«Աբովյանի քաղաքապետի ընտրություններից անցել է մի քանի օր, ու թերևս կարող ենք ավելի սթափ գնահատել կատարվածը, տեղի ունեցածը վերլուծել ավելի գլոբալ համատեքստում, մանավանդ՝ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի իշխանությունն առաջին հերթին:

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նույնիսկ անթույլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետևություններ անել տեղական ընտրության համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրվածքով։ Մյուս կողմից՝ Աբովյանի ընտրություններին «պատմականություն» հաղորդել է հենց իշխանությունը, որն առնվազն մարզային իշխանությունների և տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստվում էր «հեղափոխություն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի հաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այլ խոսքով՝ հեղափոխության թիմը մունիցիպալ ընտրության նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից հետո էլեկտորալ արդյունքները ենթակա են քաղաքական վերլուծության ու որոշակի հետևությունների։

Աբովյանի ընտրություններն ապացուցեցին, որ այլևս ակտուալ չէ ընտրական գործընթացը «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», «սևերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնհայտ ճշմարտություն էր արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Նիկոլ Փաշինյանի թիմի ձեռքերում, այլ խոսքով՝ ֆորմալիզացվեց հեղափոխության հաղթանակը ու վերացվեցին ռևանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրվա խճանկարը հենց հեղափոխության հաստատած ստատուս-քվոն է, ու եթե Աբովյանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցությունը վայելող թեկնածուն, նույնիսկ հակաքաղաքագիտական է «հակահեղափոխության» դեմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էության, կասկածի տակ է դրվում հեղափոխության հաղթանակը, նաև՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմությունը։ Սա ակնհայտ ճշմարտություն է, ու իշխանության թիմն Աբովյանում պարտվեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկե կարևոր է, այլ նաև սխալ մեթոդաբանության հետևանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակավին չկա այն գիտակցությունը, որ իրենք այլևս իշխանություն են, ոչ թե հրապարակում հեղափոխություն իրականացնող հարթակ։ Այլ խոսքով՝ Աբովյանի ընտրությունները «սևերի» ու «սպիտակների» թեզի պարտության մասին էր։

Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ տեղի ունեցածից հետո հեղափոխության թիմը կամ առնվազն դրա մի մասը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառը։ Գոնե բոլորը պետք է այնքան համարժեքություն ու քաղաքական խիզախություն ունենային, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով ընդունեին, թե Աբովյանում տեղի ունեցածը հեղափոխության, ժողովրդավարության հաղթանակ է։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է. «Ես կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ Աբովյանի քաղաքացին երեկ, ցավով եմ նշում, պարտվեց այդ ընտրություններին, և Վահագն Գևորգյանը՝ մեր գործընկերը, երեկվա ընտրություններին չհաղթեց։ Ես պարզապես ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք»։

Ի՞նչ է, մարզպետը հակադրվո՞ւմ է վարչապետին, հրապարակային հաղորդո՞ւմ է տալիս այն մասին, որ Աբովյանի ընտրությունները կեղծվել են, նա ունի՞ փաստեր, թե՞ հայտարարություն է անում՝ ինքնաարդարացման նպատակով։ Եվ ինչո՞ւ է Պետրոսյանը զարմանում, որ նման վարքագծից հետո ընդդիմադիր որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նպատակահարմար է համարում նրա հրաժարականը։ Ընդ որում, քաղաքական առումով նման պահանջը կյանքի իրավունք ունի, որովհետև Ռոմանոս Պետրոսյանի թիմը ոչ միայն պարտվել է ընտրություններում, այլ նաև մարզպետը հակադրվում է վարչապետի հրապարակային կարծիքին ու փորձում է պարտության պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա կամ կրկին «տեսակավորել» հասարակությանը, այս անգամ՝ մի քաղաքի մասշտաբով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ