08 06 2019

Կադրային դեֆիցիտի և հաճախակի հրաժարականների պատճառը․ «Հրապարակ»

Կադրային դեֆիցիտի և հաճախակի հրաժարականների պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ եւս երկու անսպասելի հրաժարական հրապարակվեց՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականները։ Վերջինիս՝ կառավարությանը մաս կազմելը մի խորհուրդ էլ ուներ՝ «Ելք» դաշինքի նախկին անդամ «Հանրապետություն» կուսակցության համագործակցության, Նիկոլ Փաշինյանին աջակցության մի դրսեւորում էր սա նաեւ։ Հրաժարականը բավականին անսպասելի էր, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ ինքը՝ Զեյնալյանը, շատ համոզիչ հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը։ Ի՞նչ փոխվեց մի քանի օրվա ընթացքում։

Գուշակությունների գիրկը չընկնենք, քանզի մեծ հաշվով այս հրաժարականը սպասելի եւ կանխատեսելի էր։ Իր տեսակով օրենքի, իրավապաշտպանության բազում փուլեր անցած Արտակ Զեյնալյանը դժվար թե կողմնակից լիներ արդարադատության եւ իրավունքի ոլորտում նման սպոնտան կառավարման եւ դժվար թե մասնակից լիներ վերջին շրջանում իրականացվող որոշումներին։ Մյուս կողմից՝ իշխանությունն էլ առանձնապես նրանից՝ որպես նախարարի, գոհ լինելու շատ առիթներ չուներ։ Այդ բարդ համակարգի ո՛չ ընթացիկ կառավարման, ո՛չ քաղաքականություն մշակելու, ո՛չ էլ կտրուկ բարեփոխումներ անելու հարցում նա առանձնապես ակտիվ չէր եւ գործուն չէր, ինչը Նիկոլ Փաշինյան վարչապետին ու նրա թիմին չէր կարող բավարարել։

Առհասարակ, այս իշխանությունների օրոք գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնելը հեշտ բան չէ, եւ նաեւ դա է կադրային դեֆիցիտի եւ հաճախակի հրաժարականների պատճառը։ Մի կողմից՝ Փաշինյանն առանձնապես ինքնուրույնություն չի հանդուրժում, մյուս կողմից՝ դժգոհ է պասիվության եւ դանդաղկոտության համար։ Եվ նրա հետ աշխատող կադրերը չեն կողմնորոշվում՝ ինչպես պահեն իրենց, ինչ անեն եւ ինչ չանեն, որ վարչապետի հավանությանն արժանանան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ