«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարճատև նիստ անցկացրեց: Նկատենք, որ այն տեղի ունեցավ երեկոյան ժամի և հենց խմբակցությունում, որտեղ վերջերս պատգամավորներն ավելի են գերադասում քննարկումներ ունենալ փակ ֆորմատով, անցանկալի արտահոսքերից խուսափելու համար: Սակայն հետաքրքիր է, որ խմբակցության նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, դեռ ավելին՝ շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ այդպիսի նիստ է լինելու, և արդեն շենքում չեն էլ եղել, սակայն խմբակցությունից էլ վստահեցրել են, թե ընթացիկ քննարկումներ են, և կարող են նաև չմասնակցել:
Խմբակցության քննարկումներն ընթանում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե որևէ առանձնահատուկ բան չկա, և ընթացիկ քննարկումներ են: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում գործադիրում, և երեկ պատգամավորները նաև այդ հարցին են անդրադարձել: Բանն այն է, որ մամուլը տևական ժամանակ գրում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր պաշտոնանկության մասին, և այդ խոսակցությունները չեն դադարում նաև նախարարության ներսում: Անձամբ Զեյնալյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափել էր խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին, իսկ օրերս էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, թե կառավարությունը գոհ է իր աշխատանքից: Սակայն նաև իշխանական պատգամավորներն են մասնավոր զրույցներում դժգոհում Զեյնալյանի գործունեությունից և ոլորտի վիճակից՝ ասելով, թե գործ չի արվում:
Եվ հիմա իշխանության ներսում ակտիվորեն խոսվում է Զեյնալյանի պաշտոնանկության մասին, իսկ որպես նրան ամենահավանական փոխարինող նշվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը: Բացի նրանից՝ այլ անուններ ևս կան, սակայն նա ամենահավանականն է համարվում: Նա նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանիքի քավորն է: Հավելենք, որ երեկ իշխանական խմբակցության ՔՊ-ական պատգամավորները հավաքվել էին նաև գրասենյակում՝ մասնակցելու կուսակցության վարչության անդամի քարոզարշավին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը