06 06 2019

«Ոչ մի սաի թշնամուն» կարգախոսով իշխանությունները կանգ չեն առնելու․ «Հրապարակ»

«Ոչ մի սաի թշնամուն» կարգախոսով իշխանությունները կանգ չեն առնելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ անցած ապրիլին երիտասարդների խումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաղթեց եւ իշխանությունից հեռացրեց Սերժ Սարգսյանին, ոմանք կարծում էին, թե նախկին իշխանությունների պրոֆեսիոնալ կադրերին նոր իշխանությունը կօգտագործի։ Գոնե ժամանակավորապես, մինչեւ երիտասարդ պաշտոնյաները բավարար փորձ ձեռք բերեին եւ հներից ինչ-որ բան սովորեին։

Բայց Նիկոլ Փաշինյանը գնաց այլ՝ բոլորին եւ հնարավորինս արագ տուն «ճամփելու» ճանապարհով։ Երիտասարդական ինքնավստահությունն ու խնդիրների բարդությունը չպատկերացնելն իրենց դերը խաղացին։ Ապա հներից ազատվելը կարծես վարակիչ մի խաղ դարձավ՝ Երեւանի քաղաքապետի դիմադրությունը կոտրելուց հետո կոալիցիոն նախարարներից ազատվեցին, հետո անցան Ազգային ժողովը տուն «ճամփելուն»։ Մանր-մունր պաշտոնյաներից ազատվելուց զատ, ԵՊՀ ռեկտորից ազատվեցին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահից, հիմա հերթը ՍԴ նախագահինն է։ Անգամ ՍԴ անդամի հարցում չզիջեցին եւ ՀՀ նախագահին նվաստացրին՝ նրա ներկայացրած երկու թեկնածուներին մերժելով եւ օրենքի խախտմամբ կրկին Վահե Գրիգորյանին առաջադրելով։

Բայց կադրային հարցում «ոչ մի սաի թշնամուն» դեւիզով առաջնորդվող իշխանությունները սրա վրա կանգ չեն առնելու։ Արդեն հայտարարել են դատական համակարգն իրենց ենթարկելու մտադրությունների մասին, ինչն այլ բան չէ, քան դատավորների կադրային կոտորած։ Բայց արդյոք մենք այդքան կադրային ռեսուրս ունե՞նք երկրում, որ համատարած կադրային ջարդ իրականացնենք։ Ի վերջո, աշխատանքից զրկված մարդկանց այս հսկա բանակն իրավունք չունի՞ իր երկրում ապրելու, աշխատելու։ Ինչո՞վ են, ասենք, Ֆելիքս Ցոլակյանը, Անդրանիկ Քոչարյանը, Շիրակ Թորոսյանը կամ Արթուր Դավթյանը գերազանցում Հրայր Թովմասյանին, Գագիկ Հարությունյանին կամ Վահրամ Շահինյանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ