04 06 2019

Կդիմանա՞ իշխանությունը յուղոտ պատառի գայթակղությանը․ «168 Ժամ»

Կդիմանա՞ իշխանությունը յուղոտ պատառի գայթակղությանը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։

Առաջվա նման, գներն անհասկանալի բարձրանում և իջնում են, դա տեղի է ունենում միաժամանակ բոլորի մոտ, ինչպես նախկինում էր, շուկայում մրցակցային երևույթներ չեն նկատվում։ Իսկ այն, որ կենտրոնացվածությունը նվազել է, խոշոր խաղացողները կորցրել են զբաղեցրած դիրքերը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այն, ինչ ասվել է, իրական պատկերը չէ։

Ըստ էության, միտումնավոր խեղաթյուրվել են փաստերը և ներկայացվել միակողմանիորեն։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ կռահել։ Սակայն ամեն ինչ՝ ըստ հերթականության։

Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս մեկ անգամ չէ, որ կառավարությունը հպարտացել է, թե շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ հաջողության է հասել։ Մի շարք գերկենտրոնացված շուկաներում խոշոր խաղացողների մասնակցությունն էապես նվազել է։ Որպես օրինակ՝ սովորաբար բերվում է շաքարավազի, բանանի և բենզինի շուկաները։ Սրանք այն շուկաներն են, որոնք միշտ էլ առանձնացել են բարձր կենտրոնացվածությամբ։

Տարիներ շարունակ ընդունված է եղել ասել, որ այդ շուկաներում գներն արհեստականորեն բարձր են ձևավորվում։ Այնպես չէ, որ այդ խոսակցություններն անհիմն են եղել, չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպիսի դեպքեր երբևէ չի բացահայտել։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ Հանձնաժողովի գործունեության նկատմամբ միշտ էլ հասարակության վստահությունը ցածր է եղել։

Ի՞նչ կփոխվի առաջիկայում, դեռ վաղ է ասել։ Այս փուլում ընթանում է Հանձնաժողովի, այսպես ասած, վերակազմավորում։ Այն նոր նախագահ ունի, փոխվում է կազմը։ Թե դա ինչպե՞ս կազդի հասարակության վերաբերմունքի վրա, կախված է կառույցի հետագա աշխատանքից։

Առաջիկայում Հանձնաժողովի նոր նախագահին առաջին փորձությունն է սպասվում. ուսումնասիրվում է բենզինի շուկան` պետք է պարզել գնային տատանումների պատճառները։ Ե՞րբ կլինեն արդյունքները, հայտնի չէ։ Հանձնաժողովը սովորաբար շատ երկար է աշխատում։ Այնքան երկար, որ հաճախ ուսումնասիրության արդյունքները պարզապես կորցնում են իրենց արդիականությունն ու իմաստը։

Ինչևէ, մինչ Հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան, այստեղ սպասվում է մասնակիցների թվի համալում։ Այդ մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Մոտակա կես կամ մեկ տարում կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան։ Ենթադրում ենք, որ շատ շուտով շուկայում նոր խաղացող կհայտնվի, ինչը կհանգեցնի որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքերի թուլացմանը»։

Այդպե՞ս կլինի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, այնպես չէ, որ որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքերի թուլացումն է այսօր ամենաշատը հուզում հասարակությանը։ Կարևորն այն է, թե ինչ է շահելու դրանից սպառողը։ Իսկ սպառողը շահում է միայն այն դեպքում, երբ շուկայում իսկապես մրցակցություն կա` ոչ թե ձևական, այլ իրական։ Այլապես՝ 2 թե 10 ընկերություն կլինի, դրանից շատ բան չի փոխվում։

Իշխանափոխությունից անմիջապես հետո էլ կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Ու որպեսզի տպավորություն ստեղծեր, թե ինչպիսի աննախադեպ հաջողության է հասել ընդամենը մի քանի ամսում` շրջանառության մեջ դրվեց շաքարավազի, բանանի և բենզինի շուկաներում արձանագրված արդյունքները։

«2018-ին մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող անմենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս` նախկին 95 տոկոսի համեմատ։ Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս` նախկին 57 տոկոսի համեմատ։ Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս` նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով` 29 տոկոս` նախկին 51 տոկոսի փոխարեն։ Այս ցուցանիշը կարևոր եմ համարում ոչ միայն այն տեսակետից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլ նաև այն տեսակետից, որ մրցակցային վիճակը չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդելու միջոցով»,- այս մասին Ազգային ժողովում ոչ վաղ անցյալում ոգևորված հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ ներկայացրած տվյալները համադրելի չեն այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ Պետեկամուտների կոմիտեի տվյալների հետ, խեղաթյուրվել է նաև շուկայի իրական պատկերը։ Խոսքը, մասնավորապես, բենզինի մասին է։

Թեև շուկայի երկու խոշոր մասնակիցներից մեկը կորցրել է դիրքերը, այնուհանդերձ այնպես չէ, որ դա հանգեցրել է կենտրոնացվածության թուլացման։ Այդ նույն ժամանակահատվածում շուկայի երկրորդ խոշոր խաղացողի դիրքերը ոչ միայն ամրապնդվել են, այլև ընդլայնվել։ Այլ կերպ ասած, տեղի է ունեցել շուկայի գերկենտրոնացվածության խորացում` մեկ ընկերության ձեռքում, ինչը, իհարկե, մրցակցային միջավայրի տեսակետից ավելի վատ երևույթ է։

Սակայն այդ մասին վարչապետը գերադասում է լռել։ Հասկանալի է, որ դա չէր կարող տեղավորվել մենաշնորհներն արմատախիլ անել պատրաստվող կառավարության ծրագրերում։

Այդպես էլ չենք կարողանում հաղթահարել տարիներով արմատավորված այն թեզը, որ խնդիրը մասնակիցների կամ նրանց զբաղեցրած դիրքի մեջ չէ։ Խնդիրը մրցակցային պայմաններ ապահովելու մեջ է։

Փոխարենը մտածելու այդ մասին, հիմա էլ կառավարությունը հույսը դրել է նոր ընկերության վրա, որը պիտի գա ու կփոխի բենզինի շուկան։ Ժամանակին նման իրավիճակի մեկ անգամ արդեն բախվել ենք։ Եկավ «Մաքս Պետրոլը»։ Կարճ ժամանակ անց գները բավական կտրուկ նվազեցին։

Թվում էր, թե եկել է բենզինի ոլորտում իրական մրցակցություն հաստատելու ժամանակը։ Սակայն պարզվեց՝ այդպես չէ, գործ ունենք շուկայի սովորական վերաբաշխման հետ։

Որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին։ Պարզապես շուկայի մասնակիցների թիվն ավելացավ մեկով, իսկ մյուսների մասնաբաժինն այս կամ այն չափով կրճատվեց։ Բայց դրանից շուկայի մրցակցային իրավիճակն այդպես էլ չփոխվեց։ Ոչինչ չշահեց նաև սպառողը։

Ոչ մի հիմք չկա պնդելու, որ նույնը չի կրկնվի հերթական անգամ, և ամեն ինչ չի ավարտվի միայն շուկայի վերաբաշխմամբ կամ նույնիսկ որոշ ընկերությունների դուրսմղմամբ։ Նման միտումներ կարծես արդեն նկատվում են։

Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է, որի կողքով անհնար է անտարբեր անցնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ